Ձիարշավներ Ենոքավանի ձորերով, քարանձավներով ու թավուտ անտառներով

Շաբաթվա լուր | | July 30, 2009 19:00
im003

«Անկախ»-ի թղթակից էդգար Ամիրխանյանի փորձությունը. «Ձիուկս, խելոքս, ինչքան համեստ ես ու զգում ես չէ՞, որ նորեկ եմ»

«Խելո’քս, պուպու’շս», -անընդհատ վախս կուլ տալով` կրկնում եմ ես ` անփորձ ու քարացած ձիավորս:
Ձիապան Արմանն ուղեկցում է մեզ և բացատրում, թե ինչպես աջ կամ ձախ գնալ, կանգ առնել, ինչպես հարվածել, որ ձին շատ արագ չընթանա: Անտառային փոքրիկ թավուտում ենք: Պտտվում ենք ծառերի, լճակի ու քարանձավային խորշերի կողմերով: Տեղակայման վայրից հեռու ենք:

Հմուտ ձիապանի սպիտակամոխրագույն ձին լարախաղացի պես թռչկոտում է քարքարոտ ճանապարհին, իսկ մենք կամաց-կամաց իմ «Պեգասի» հետ առաջ ենք շարժվում:
«Ձիու’կս, խելո’քս, ինչքան համեստ ես ու զգում ես չէ՞, որ նորեկ եմ», -անընդհատ մտքումս կրկնում էի` մտածելով, որ ասեմ` ձին կլսի, և վայր չեմ ընկնի:
Իմ «Պեգասը» կարծես զգում էր, որ նորեկ եմ ու տոփ-տոփ քայլերով մեզ ողջուառողջ հետ է բերում, ես էլ` նրան:

Ենոքավան ձիարշավի ենք: Ճանապարհը սկիզբ է առնում «Հյուսիսային» ավտոկայանից: Իջևանի երթուղայինի` արևից սևացած դեմքով վարորդը ծանոթացնում է մեզ մի նորամուծության հետ: Պարզվում է` 1500 դրամով տոմս պիտի գնեինք տոմսարկղից: Նախկինում ուղևորները վարորդին էին վճարում, ու վարորդը հաճախ տուրիստներին խաբում և գնից ավել փող էր կորզում:

Ճանապարհ ենք ընկնում դեպի Իջևան: Ենոքավանն Իջևանի գյուղական համայնքներից մեկն է: Գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելքում` Իջևան քաղաքից 10 կմ հեռավորության վրա: Ժայռին ծվարած գյուղը 1300 մետր բարձրության վրա է ու շրջապատված է խիտ անտառներով, մոտ 100-120 մետր խորությամբ և գրեթե 5-7 կմ ձգվող անտառածածկ ձորով:

Իջևանում ենք: «Ուազը» դիմավորում է մեզ:
Քարքարոտ ճանապարհը տեղ-տեղ հատվում է խիտ ու մուգ կանաչ անտառի հետ` մի պահ ձուլվելով ձորախառն անտառափեշին: Տեղանքին անծանոթ այցելուին դժվարանցանելի ճանապարհն աննկատ է թվում: Կամաց-կամաց վարորդի ջանքերը կրկնապատկվում են, ու մենք հաղթահարում ենք ավելի բարդ ճանապարհ:
– «Գնում ենք Նվեզներ», -բացատում է վարորդ Սևանը: Ենոքավանի քարանձավային այս տարածքը գյուղացիներն այսպես են անվանում:

Փայտե դարպասներից ներս ենք մտնում: Առջևում մեզ է սպասում անտառի ու ձորի հատման կետը, որ անծանոթիս թվաց զարկերակի պես բաբախող: Սևանի ուղեկցությամբ փայտե աստիճաններով ու ձորի պռնկով ցած ենք իջնում դեպի քարանձավ:
Փոքրիկ քարանձավում մարդիկ ու արշավախմբեր հաճախակի են լինում: Փայտե սեղանի շուրջ քեֆեր են անցկացնում, կավե բաժակներով մի-մի թաս օղի կամ սուրճ ըմպում և վայելում սառը օդը, որն ասեղի ծակոցի պես ամեն պահի քթիդ է դիպչում: Ամառվա տոթին այնքան հաճելի է, որ սառնության ծակոցը չի վանում: Անգամ փայտե զուգարանում բացվող տեսարան-պատուհանն է խիտ անտառին նայում, ու մոռանում ես, թե ինչի համար ես զուգարան գնացել:

«Քարանձավներ ձորի ներքևում էլ կան: Այստեղ ամռանը հով է, ձմռանը` տաք: Տատս պատմում էր, որ նախկինում այստեղ մարդիկ են ապրել, պաշտպանվել տարբեր կռիվներից: Հետո քարանձավներում դիկաբրազներ են եղել, էդ էն ոզնու պես կենդանին է, որ փուշը կրակում է», -պատմում է Սևան պապը և մեզ ուղեկցում դեպի հոնի այգիները: 3 հազար հոնի, մոտ 500 այլ տեսակի պտղատու այգիները մշակում ու խնամում են «Ապագա տուր» ընկերության աշխատակիցները: Մի քանի տարի առաջ ծնունդով ենոքավանցի, բժիշկ-կիբեռնետիկ Արտակ Չիբուխչյանը ներդրումներ է կատարել հարազատ գյուղում, որի շնորհիվ այս տարածքը դարձել է տուրիստական գոտի: Նախկինում գյուղի այն հատվածում, որտեղ հիմա ընկերության տնակներն են, քոթեջները, ոչխարաբուծական ֆերմաներ են եղել և այդ պատճառով այն նաև «Գոմեր» են անվանում:

Հիմա դրանց փոխարեն հարմարավետ, երկհարկանի գյուղական կոլորիտով հանգստյան տնակներ են, ուր զբոսաշրջիկներին առաջարկում են Իջևանի տեսարժան վայրերով զբոսանք` ձիով կամ ոտքով:
Ենոքավանի ու Իջևանի ձորով էլ անցնում է արշավախմբերի երթուղին: Այցելուներին սպասում են քարանձավներ, աղբյուրներ, ջրվեժներ, անտառներ, հուշարձաններ: Զբոսաշրջիկները նաև գալիս են լճակներ` իշխան ձուկը համտեսելու, իսկ ոմանք էլ կատակով ասում են, թե երեկոյան ունկնդրելու են եկել լճում բնակվող գորտերի համերգը կամ տեսնելու լաբրադոր շներին` Տոբիին ու Վիլլին, որոնք վերջերս ձագեր են ունեցել: Նրանք արշավախմբերի անբաժան ընկերներն են:

«Ապագա տուր»-ի ձիով արշավների տևողությունը տատանվում է երեքից մինչև տասնհինգ օրվա սահմաններում: Մինչ այդ նորեկները ձիապանների հետ ձիարշավարանում 1-3 ժամ վարժվում են, պտտվում, ընտելանում կենդանուն և նոր խմբի հետ մեկնում են արշավի: Ինչպես մեզ հետ եղավ:

Բոլորը վրաններ են վերցնում, ուտելիք, հագուստ ու ճամփա են ընկնում 9-14 օրով դեպի Սանահին, Հաղպատ, Հաղարծին: Ձիապաններն ամեն օր կապվում են կենտրոնակայան ու տեղեկացնում իրավիճակի մասին: Արշավախումբը ճամփի գյուղերում կանգ է առնում, լողանում, գնումներ կատարում, և կրկին ճամփան անցնում է անտառների միջով, իսկ գիշերում են վրաններում:

Անտառային ճանապարհն անցնում է տանձենու, սալորենու, հոնի, մոր ու վայրի ազնվամորու ծառերի ու թփերի միջով, որոնց պտուղներից գյուղացիները մուրաբա, հյութ են պատրաստում ու օղի քաշում: Մոտակա գյուղակում հենց կանգ առնենք, անպայման կհամտեսենք:

img_8930

Նվեզներ. նույնիսկ զուգարանից գեղատեսիլ է

Երկհարկանի քարե տնակները մեկը մյուսի թիկունքում են, բայց այնպես են կառուցված, որ չեն ծածկում պատշգամբից բացվող անտառային տեսարանը: Ակտիվ հանգիտը նաև կարելի է անցկացնել նարդի, շախմատ խաղալով կամ գորգ գործելով:
Խոհանոցն էլ գյուղական է. տեղում թխում են քարի հաց կամ թոնրի լավաշ, ֆերմայում պահվող կովի մածուն կամ պանիր են մատուցում, իսկ առավոտյան թեյի հետ` նաև տեղի հատապտուղներից պատրաստված մուրաբա: Դաղձի հյութն ու թեյն անպակաս են:

«Մեզ մոտ ամեն բան մեր հողամասերից է: Այգուց մրգերն ենք բերում, հողամասից` պոմիդորը, բադրիջանը, լոբին, սիբեխը, մանդակը, սինդրուկը, ծնիփակը ու հենց տեղում պատրաստում տարբեր տեսակի ուտելիքներ: Խոզի, ոչխարի խորոված ենք անում, կարտոֆիլի քյաբաբ», -ասում է «Ապագա տուր» ընկերության խոհարարը` ենոքավանցի տիկին Լյուդմիլան և շտապում է երեկոյան մեզ համար համեղ կերակուր պատրաստել:

Ձորի պռնկին գլուխը կախած հոնի ծառն ու գետակի քրքջոցն անէանում են մթության մեջ, բայց լուսինը պարզ լուսավորում է ետ դարձողի ճանապարհը:

Հովվերգական այս հանգիստն արժե
Քոթեջը` 2 հոգու համար` 36 հազար դրամ
Տնակը` 2 հոգու համար` 24 հազար դրամ
Մի օրյա ձիարշավը` 7 հազար դրամ, 7 օրյա ձիարշավը` (խումբը 10 հոգի է) մեկ անձի համար` 16. 400 դրամ:
Ձիավարժության 40 րոպեն` 3500 դրամ
Օրական երեք անգամյա սնունդը` մեծերին` 5000 դրամ, փոքրերին` 2500:

Դիտվել է 12070 անգամ:
Print Friendly

Leave a Reply