ՀԱՄԱՍ-ը Գազայում հայտարարել է Իսրայելի հետ ոչ պաշտոնական հրադադարի կարգի պահպանման մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 14, 2011 12:51

Պաղեստինի զինյալ խմբավորումները ամբողջովին դադարեցնում են հրթիռային և ականանետային կրակոցները Իսրայելի տարածքի վրա: Ինչպես ուրբաթ տեղեկացրել է եգիպտական ռադիոն, ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Իսմայիլ Հանիան կարգադրել է իրեն ստորադաս անվտանգության ուժերին` ապահովել ոչ պաշտոնական հրադադարը հրեական պետության հետ:

Նա այդ մասին տեղեկացրել է Եգիպտոսի հետախուզության ղեկավար Օմար Սուլեյմանին:  Իսրայելի հետ հրադադարի կարգի պահպանման որոշումը սատարել են անցած չորեքշաբթի` Գազայում խոշորագույն խմբակցությունների խորհրդակցության ժամանակ:

Ինչպես հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Թահեր ան Նունուն, Հանիան Գազայի բոլոր զինյալ խմբավորումների շրջանում տարածել է ներքին անվտանգության ապահովման հրահանգներ` Իսրայելի նոր սպառնալիքների համապատկերում:

Պաղեստինի վարչապետը իր ուղերձում ողջունել է իր դաշնակիցների ` Իսրայելի վրա չհարձակվելու պատրաստակամությունը, որպեսզի Գազայի դեմ նոր պատերազմի առիթ չտան:

ԻՏԱՌ_ ՏԱՍՍ-ի տեղեկատվությամբ`«Ժողովրդական դիմակայության կոմիտեի» ներկայացուցիչ Աբու Մուջահեդը  իր հերթին հայտարարել է, որ պաղեստինցիները Եգիպտոսից պարզ նախազգուշացում են ստացել Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակման լուրջ մտադրությունների մասին` կրակոցների շարունակման դեպքում:

«Մենք ջանում ենք կայունացնել իրավիճակը, քանի որ անդորրի կարիք ունենք»,- հայտարարել է Աբու Մուջահեդը:

Դիտվել է 1095 անգամ:
Print Friendly

Leave a Reply