Նոր ուսումնական տարում ավագ դպրոցների թիվը կավելանա

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | January 14, 2011 10:41

Հանրապետությունում գործող 91 ավագ դպրոցներին նոր ուսումնական տարում կավելանան շուրջ տասը: Ինչպես «Արմենպրես»-ին ասաց Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, որոշ տարածքներում ավագ դպրոցների կարիք կա:

Օրինակ` Էրեբունիում գործող երկու դպրոցներից մեկն ունի աշակերտների խիստ մեծ թվաքանակ, մինչդեռ ավագ դպրոցներում դասարանները պետք է բաղկացած լինեն 20-25 աշակերտից: Տեսչությունների կողմից ավագ դպրոցներում պարբերաբար ստուգումներ են իրականացվում, գրավոր աշխատանքներ տրվում: Դպրոցների վարկանիշի կարեւորագույն ցուցանիշներից մեկը, ըստ Ն. Հովհաննիսյանի, այն է, որ բացակայություններ չլինեն: «Երբ քիչ են բացակայությունները, նշանակում է` աշակերտները գիտակցում են, թե ուր են գալիս, եւ որքան կարեւոր են իրենց համար դպրոցում ստացած գիտելիքները»,- ասաց Ն. Հովհաննիսյանը:

Ավագ դպրոցներում դասավանդող ուսուցիչների մեծ մասն արդեն վերապատրաստվել է, իսկ մի մասը դեռեւս շարունակում է վերապատրաստվել: Ն. Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ ցանկություն կա հետագայում ավագ դպրոցներին զուտ հոսքային ուղղվածություն հաղորդել. սա, ըստ վարչության պետի, մեծ առաջընթաց կլինի կրթական համակարգում:

Դիտվել է 1539 անգամ:
Print Friendly

Leave a Reply