Գործադիրը դեմ է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենում փոփոխություններին

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | January 13, 2011 17:07

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2011թ. առաջին նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության 2011թ. գործունեության միջոցառումների ծրագիրը, ՀՀ կառավարության 2011թ. գերակա խնդիրները, 2011թ. գործունեության միջոցառումների և գերակա խնդիրների հիմնավորումները։ ՀՀ վարչապետը կարևորել է ծրագրի ընդունումը, հիմնական գծերով բնութագրել կառավարության գործունեության գերակա ուղղությունները :

ՀՀ կառավարությունը հաստատել է.

– փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցություն ցույց տալու 2011թ. ծրագիրը, որտեղ կարևորվում է ՓՄՁ դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման և այլ ոլորտներում։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել ՓՄՁ խնդիրներին վերաբերող այս և մյուս ծրագրերի համադրումը, մանավանդ, որ ընթացիկ տարում նախատեսվում է ոլորտի 5-6 տոկոս աճ։ Այս առումով 2011-ը բացառիկ տարի է լինելու։ Բանկերում վարկային ռեսուրսների տոկոսադրույքները 2-3 տոկոսով նվազել են, մեծացել է վարկերի ծավալը։ Այժմ բանկերն են շահագրգռված վարկառուների ներգրավմամբ, քանի որ ունեն ազատ միջոցներ,

– «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի» տեղեկատվական և ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեղեկատվական-փնտրողական համակարգերի միջև տեղեկատվության փոխանակման կարգը, փոխանակվող տեղեկատվության ցանկը, որի նպատակն է ԱՊՊԱ համակարգի հուսալիության և վերահսկելիության ապահովումը և համակարգում հնարավոր խարդախությունների կանխումը։ ՀՀ ոստիկանապետը վարչապետ Տիգրան Սարգսյանից հանձնարարություն է ստացել անձնական հսկողություն սահմանել այս կարևորագույն միջոցառման անթերի իրականացման նկատմամբ` համոզմունք հայտնելով, որ ԱՊՊԱ-ի ներդրումն արդարացված է և մոտ ժամանակներս ցանկալի արդյունք կտա,

– ՀՀ զբոսաշրջության զարգացման 2011թ. ծրագիրը, որն ուղղված է համաշխարհային շուկայում Հայաստանի, որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի, նկարագրի շարունակական կատարելագործմանը,

– զենքի առևտրի արտոնագրման կարգը, արտոնագիր ստանալու հայտի և արտոնագրի ձևերը, ուժը կորցրած ճանաչել կառավարության համապատասխան որոշման ենթակետերից մեկը,

– ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրությունը, լուծարել նախարարության «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

«Մեղրի» հիդրոէլեկտրակայանի կառուցման քաղաքաշինական փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննություն անցկացնելու նպատակով գործադիրն ստեղծել է միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով։

Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև զինվորական սուրհանդակային-փոստային կապի բնագավառում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։

Կառավարության որոշմամբ Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև ավելի վաղ ստորագրված հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն հիմնելու փոխըմբռնման հուշագրով նախատեսված ծրագրով ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման նկատմամբ կիրառվել է ՀՀ օրենսդրության համաձայն հաշվարկվող և վճարման ենթակա մաքսատուրքերից, բոլոր հարկերից և այլ ֆինանսական գանձումներից ազատելու տարբերակը։

Գործադիրն իր մեկ այլ որոշմամբ մինչև 2011թ. հունվարի 31-ը երկարաձգել է ներդրումային ծրագրով «Նատֆուդ» ՓԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների Հայաստան ներմուծելու դեպքում մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ գումարի վճարման ժամկետը։ Ընկերությունը նախատեսում է կառուցել մսամթերքի վերամշակման նոր արտադրամաս, ստեղծել մոտ 180 նոր աշխատատեղ, որից 90-ը արդեն ստեղծված է։

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց նպատակն է ՀԴՄ դրոշմակնքման համար կիրառել ինքնասոսնձվող դրոշմանիշեր, որոնք պաշտպանված են արտաքին ազդեցությունից և ժամանակի ընթացքում չեն վնասվում։ Որոշման ընդունմամբ կնվազեն ՀԴՄ մեքենաների կապարակնիքները փոխելու համար հարկ վճարողների այցելությունները հարկային տեսչություններ։

Գործադիրը որոշել է մի շարք միջոցառումներ իրականացնել ՀՀ և ՄԶԸ միջև ավելի վաղ կնքված վարկային համաձայնագրի շրջանակում, որպեսզի ապահովվի գնված գույքի շահագործումը։ Այսպես, Հայաստանի 51 համայնք կունենան խորհրդատվական գրասենյակների համար անհրաժեշտ կահավորում, ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի 15 կազմակերպություն` անհրաժեշտ սարքավորում և տեխնիկա, էականորեն կբարելավվեն ծրագրի շահառու հանդիսացող համայնքների սոցիալ-տնտեսական վիճակը և կազմակերպությունների կանոնադրական գործառնությունների իրականացման արդյունավետությունը։ Հաջորդ որոշմամբ «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի» միջոցներով կառուցված օբյեկտները նվիրաբերվել են համապատասխան համայնքներին, որոնցից երկուսը կունենան ոռոգման համակարգ, հինգը` խմելու ջրագիծ, ջրահավաք կառույց, ջրարբիացման համակարգ, խմելու ջրագծի ներքին ցանց և այլն։

ՀՀ կառավարությունը քննության է առել Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է նոյեմբերի 10-ին նշել տեղական ինքնակառավարման օրը։ Նախագծի վերաբերյալ գործադիրն սկզբունքային առարկություն չունի։

Իր նիստում կառավարությունը քննարկել է ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Հոգեբուժական օգնության մասին» և «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքներում։ Նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարությունն արել է մի շարք դիտողություններ, որոնցից բխում է, որ օրինագծերը լրամշակման կարիք ունեն։

Նիստում քննության է առնվել նաև «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» և «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու` ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, որին գործադիրը դեմ է արտահայտվել։

Նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։

Դիտվել է 2100 անգամ:
Print Friendly

Leave a Reply