Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հերթական բացահայտումներ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | January 13, 2011 16:24

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները` իրացնելով օպերատիվ տվյալները, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության մի շարք դեպքեր են հայտնաբերել:

Մասիսի Նորաբաց գյուղում հայտնաբերվել է առանց պետական գրանցման կահույքի արտադրամաս: Ապօրինի ձեռնարկատերը նույն գյուղի բնակիչ Ս.Անտոնյանն էր, ով զբաղել է փափուկ կահույքի և ճաշասեղանների արտադրությամբ:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է արծաթյա զարդերի արտադրության ապօրինի արտադրամաս: Այն գործել է Ջրվեժում` հաշվառված չլինելով հարկային մարմիններում: Հարկային դաշտից դուրս գործունեությունը ծավալել էր Ա.Խաչատրյանը: Այս պահին արտադրամասի գործունեությունը դադարեցված է:Պետությանը հասցված վնասի չափը ճշտվում է:

Իսկ Քանաքեռ-Զեյթունի ՕՀՎ բաժնի աշխատակիցները` իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ մայրաքաղաքի Ուլնեցի փողոցում գտնվող և Խորհրդայինի հարկային տեսչությունում հաշվառված «Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարան» ՍՊԸ-ն 2005թ.-ին պետական գրանցում ստանալուց ի վեր հաշվետվություն չի ներկայացրել հարկային մարմիններին և չի ստացել համապատասխան լիցենզիա: Համալսարանի ռեկտոր Արմեն Նալբանդյանը հայտնել է, թե հաշվետվություն չներկայացնելը անփութության հետևանք է, իսկ լիցենզավորում չի անցել պայմանների հետ համաձայն չլինելու պատճառով և առաջիկայում էլ չի պատրաստվում ստանալ այն: Պետությանը պատճառված վնասի ստույգ չափը կարձանագրվի համապատասխան ստուգման արդյունքում:

Կոտայքի Գառնի գյուղում էլ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները մանրածախ առևտրի ապօրինի գործունեության դեպք են արձանագրել: Այն իրականացրել է քաղաքացի Կ.Մկրտչյանը` առանց պետական գրանցման:

Դիտվել է 1167 անգամ:
Print Friendly

Leave a Reply