Ֆրանսիական քաղաքների հետ համագործակցությունը նոր թափ կստանա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 13, 2011 10:42

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն երեկ  ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին:
Ողջունելով հյուրերին` Երևանի քաղաքապետը նշել է, որ Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև հարաբերություններն այսուհետ զարգացման նոր ընթացք պետք է ստանան: Քաղաքապետի խոսքով` մի շարք ծրագրեր և համագործակցության համաձայնագրեր կան Երևանի և Լիոնի, Մարսելի, Փարիզի, Նիցի միջև, որոնք պետք է գործնական հիմքերի վրա դրվեն:  «Ես շատ եմ կարևորում միջազգային համագործակցությունը և հետևողական եմ լինելու բոլոր այդ ծրագրերի իրականացմանը»,- ընդգծել է Երևանի քաղաքապետը:

Կարեն Կարապետյանը հյուրին ներկայացրել է մայրաքաղաքի կառավարման նոր, արդյունավետ մոդելի մշակման հետ կապված իր մոտեցումները:
«Համակարգված, եռաստիճան կառավարման նոր մշակույթ ենք ուզում ներդնել Երևանում` քաղաքապետարան, վարչական շրջաններ և համատիրություններ: Այս գործում ցանկացած առաջավոր փորձի փոխանակումը մեզ համար շատ կարևոր է: Այն ճանապարհը, որը ֆրանսիական քաղաքներն անցել են քաղաքների կառավարման տարբեր ոլորտներում, ցանկանում ենք փորձի փոխանակման միջոցով ներդնել նաև Երևանում»,- նշել է Կարապետյանը:

Անրի Ռենոյի խոսքով` ֆրանսիական մի շարք խոշոր քաղաքներ արդեն անցել են Երևանի քաղաքապետի նշած կառավարման մեթոդներին և բազմաթիվ հաջողություններ գրանցել տարբեր ոլորտներում: Դեսպանը նշել է, որ առաջիկայում Ֆրանսիայի դեսպանատան կողմից կոնկրետ քայլեր կձեռնարկվեն երկու երկրների քաղաքների միջև բազմոլորտ համագործակցությանը նոր թափ հաղորդելու ուղղությամբ:  Երևանի քաղաքապետը կարևորել է նաև Ֆրանսիական ընկերությունների մուտքը Երևան: «Ինչ վերաբերում է քաղաքի ենթակառուցվածքներին, մենք երաշխավորում ենք ներդրողների համար ստեղծել առավելագույն հարմարավետ գործարար միջավայր»,- ասել  է Երևանի քաղաքապետը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ֆրանսիական «Վեոլիա Ջուր» և «Երևան Ջուր» ընկերությունների գործունեությանն առնչվող խնդիրներ:

Քաղաքապետը նշել է, որ մայրաքաղաքում ջրամատակարարման վիճակը դեռևս հեռու է բավարար լինելուց. «Ընկերությունում դրական փոփոխությունների դինամիկան բավարար չէ, կորուստները շատ են, հավաքագրման ցուցանիշը նույնպես չի բավարարում»,- ընդգծել է  Կարապետյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկայում շահագրգիռ կողմերի` «Երևան Ջուր» ընկերության, քաղաքապետարանի, ջրային կոմիտեի և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասնակցությամբ քննարկում կկազմակերպվի, որի ընթացքում կհստակեցվեն կողմերի անելիքներն ու պարտականությունները: Այդպիսի քննարկումներ կլինեն յուրաքանչյուր ամիս:

Դիտվել է 2221 անգամ:
Print Friendly

Leave a Reply