Զեկույց.տնտեսական ազատությունների մակարդակով Հայաստանը բարելավել է իր դիրքերը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | January 12, 2011 20:41

Հոնկոնգը 17 տարի անընդմեջ արժանանում է աշխարհի ամենաազատ տնտեսություն ունեցող երկրի կոչմանը։

Heritage հիմնադրամի և հեղինակավոր The Wall Street Journal պարբերականի անցկացրած հետազոտության մեջ հաշվի է առնվել ոչ միայն ազատությունների մակարդակը, այլ նաև այն, թե ինչպես են իշխանություններն արձագանքում ֆինանսական ճգնաժամին, հայտնում է Reuters–ը։

Տնտեսական ազատությունների ցուցանիշը, որն ամեն տարի հաշվարկվում է Heritage հիմնադրամի կողմից, հրապարակվել է այսօր։ Դրա համաձայն՝ համաշխարհային ֆինանսական կենտրոնի կոչման համար պայքարում գլխավոր մրցակիցներից մեկը՝ Հոնկոնգը, տնտեսական ազատության ամենաբարձր մակարդակ ունեցող երկրների վարկանշային աղյուսակում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Հավաքած միավորների քանակը հասել է 89,7–ի՝ միջին 59,7 մակարդակի դեպքում։

Հետազոտության մեջ հաշվի են առնվել 183 երկրների տնտեսությունները։

Վարկանշային աղյուսակում 2–րդ տեղը զբաղեցրել է Սինգապուրը՝ 87,2 միավորով, իսկ 3–րդ տեղը՝ Ավստրալիան՝ 82,5 միավորով։ Մեծ Բրիտանիան 8–րդ հորիզոնականից իջել է 9–րդ հորիզոնական, իսկ ԱՄՆ–ն նախկինում զբաղեցրած 11–րդից իջել է 16–րդ հորիզոնական. պատճառը՝ համաշխարհային ճգնաժամին ի պատասխան ձեռնարկվող քաղաքական միջոցառումներն են։

Հարկ է նշել, որ լուրջ տնտեսական ցնցումներ ապրող Իռլանդիան հայտնվել է 7–րդ հորիզոնականում՝ ավելի բարձր, քան Մեծ Բրիտանիան։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկիրը, զբաղեցնելով 36–րդ հորիզոնականը, 2009թ. համեմատ 2010–ին 0,5 միավորով բարելավել է իր դիրքերը։

Զեկույցի հեղինակներն արձանագրում են, որ Հայաստանի տնտեսության բազմաթիվ ճյուղերում կոռուպցիայի մակարդակը շարունակում է մնալ բարձր՝ տնտեսական ոլորտը դիտարկելով ներդրումների ազատությունից մինչև նոր գործ սկսելու հնարավորություն։

Որպես հետընթաց` մասնագետներն առանձնացրել են նաև կառավարության ծախսերը, նշելով, որ պետական պարտքի մակարդակն աճել է՝ մոտենալով ՀՆԱ-ի 50 տոկոսի մակարդակին։

Հետընթաց է արձանագրվել նաև գործարար միջավայրի ազատության ոլորտում: «Թեև արտոնագրերի տրամադրման կարգը պարզեցվել է, սնանկ ճանաչման գործընթացը` արդիականացվել, այդուամենայնիվ, բիզնեսի կարգավորման համար անհրաժեշտ վարչարարությունը, որը հաճախ ուղեկցվում է կոռուպցիայով, շարունակում է մնալ Հայաստանում գործարարության զարգացմանը խոչընդոտող հիմնական արգելքը»։

Ըստ հետազոտության՝ տարածաշրջանում տնտեսական ազատությունների մակարդակով առաջատարը Վրաստանն է, որն արդեն երկրորդ տարին անընդմեջ ընդգրկվում է հիմնականում ազատ երկրների շարքում, Հայաստանը համարվում է «չափավոր ազատ», Ադրբեջանը` «հիմնականում անազատ», Թուրքիան՝ «չափավոր ազատ», իսկ Ռուսաստանը։ «հիմնականում անազատ»։

Դիտվել է 1280 անգամ:
Print Friendly

Leave a Reply