Ֆրանսիական քաղաքների հետ համագործակցությունը նոր թափ կստանա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 12, 2011 19:50

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հունվարի 12-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին:
Դեսպանը նախ շնորհավորեց Կարեն Կարապետյանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` մաղթելով նրան գործնական հաջողություններ ստանձնած կարևոր առաքելության մեջ:
Ողջունելով հյուրերին` Երևանի քաղաքապետը նշեց, որ Երևանի և ֆրանսիական քաղաքների միջև հարաբերություններն այսուհետ զարգացման նոր ընթացք պետք է ստանան: Քաղաքապետի խոսքով` մի շարք ծրագրեր և համագործակցության համաձայնագրեր կան Երևանի և Լիոնի, Մարսելի, Փարիզի, Նիցի միջև, որոնք պետք է գործնական հիմքերի վրա դրվեն: <<Ես շատ եմ կարևորում միջազգային համագործակցությունը և հետևողական եմ լինելու բոլոր այդ ծրագրերի իրականացմանը>>,- ընդգծեց Երևանի քաղաքապետը:
Կարեն Կարապետյանը հյուրին ներկայացրեց մայրաքաղաքի կառավարման նոր, արդյունավետ մոդելի մշակման հետ կապված իր մոտեցումները:
<<Համակարգված, եռաստիճան կառավարման նոր մշակույթ ենք ուզում ներդնել Երևանում` քաղաքապետարան, վարչական շրջաններ և համատիրություններ: Այս գործում ցանկացած առաջավոր փորձի փոխանակումը մեզ համար շատ կարևոր է: Այն ճանապարհը, որը ֆրանսիական քաղաքներն անցել են քաղաքների կառավարման տարբեր ոլորտներում, ցանկանում ենք փորձի փոխանակման միջոցով ներդնել նաև Երևանում>>,- նշեց Կարեն Կարապետյանը:

Անրի Ռենոյի խոսքով` ֆրանսիական մի շարք խոշոր քաղաքներ արդեն անցել են Երևանի քաղաքապետի նշած կառավարման մեթոդներին և բազմաթիվ հաջողություններ գրանցել տարբեր ոլորտներում: Դեսպանը նշեց, որ առաջիկայում Ֆրանսիայի դեսպանատան կողմից կոնկրետ քայլեր կձեռնարկվեն երկու երկրների քաղաքների միջև բազմոլորտ համագործակցությանը նոր թափ հաղորդելու ուղղությամբ: Երևանի քաղաքապետը կարևորեց նաև Ֆրանսիական ընկերությունների մուտքը Երևան: <<Ինչ վերաբերում է քաղաքի ենթակառուցվածքներին, մենք երաշխավորում ենք ներդրողների համար ստեղծել առավելագույն հարմարավետ գործարար միջավայր>>,- ընդգծեց Երևանի քաղաքապետը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ֆրանսիական <<Վեոլիա Ջուր>> և <<Երևան Ջուր>> ընկերությունների գործունեությանն առնչվող խնդիրներ:
Քաղաքապետը նշեց, որ մայրաքաղաքում ջրամատակարարման վիճակը դեռևս հեռու է բավարար լինելուց. <<Ընկերությունում դրական փոփոխությունների դինամիկան բավարար չէ, կորուստները շատ են, հավաքագրման ցուցանիշը նույնպես չի բավարարում>>,- ընդգծեց Երևանի քաղաքապետը:
Քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկայում շահագրգիռ կողմերի` <<Երևան Ջուր>> ընկերության, քաղաքապետարանի, ջրային կոմիտեի և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասնակցությամբ քննարկում կկազմակերպվի, որի ընթացքում կհստակեցվեն կողմերի անելիքներն ու պարտականությունները: Այդպիսի քննարկումներ կլինեն յուրաքանչյուր ամիս:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1139 անգամ:
Print Friendly

Leave a Reply