Միջադեպ Ագարակում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 12, 2011 13:03

1970 թ. ծնված Արսեն Հ.-ն  հունվարի 7-ին դիմել է ոստիկանության Մեղրու բաժին եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Ագարակ քաղաքի բնակիչներ Մհեր Զ.-ն, Արկադյա Ա.-ն, Բաբկեն Գ.-ն, Արմեն Գ.-ն, Հայկ Հ.-ն, Սոսիկ Ս.-ն եւ Հայկ Հ.-ն ծեծի են ենթարկել իրեն, ջարդել իր ավտոմեքենայի դռներն ու ապակիները, ավտոմեքենայից վերցրել որսորդական ողորկափող հրացանն ու դիմել փախուստի:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 5-ին, ժ. 11.30-ի սահմաններում, Արսեն Հ.-ն Ագարակ քաղաքի Չարենցի փողոցում կանգնեցրել է Գ. Խ.-ի  մեքենան, անձնական հարցերի շուրջ խոսակցության ժամանակ զինվորական կարճ բահով հարվածել նրան, իսկ երբ վերջինս ավտոմեքենայով դիմել է փախուստի, հետապնդել է եւ որսորդական հրացանից կրակել նրա մեքենայի ուղղությամբ: Փամփուշտների կոտորակներից Գ. Խ.-ն եւ մեքենայում գտնվող նրա ընկերը՝ Հ. Հ.-ն, վնասվածքներ են ստացել, սակայն ոստիկանություն ու բուժօգնության չեն դիմել, քանի որ, ըստ նրանց, Արսեն Հ.-ն դեպքից անմիջապես հետո հեռախոսով հայտնել է, որ պատրաստ է հանդիպել ու ներողություն խնդրել: Հանդիպումը Ագարակի հրապարակում վերածվել է վերը նշված միջադեպին:

Ձեռնարկված բացատրական աշխատանքների շնորհիվ միջադեպի մասնակիցներից հինգը ներկայացել են ոստիկանության Մեղրու բաժին,  ներկայացրել Արսեն Հ.-ից վերցված որսորդական հրացանը ու բացատրություն տվել:  Բաժին բերման է ենթարկվել նաեւ Արսեն Հ.-ն: Նրանցից պարտավորագրեր են վերցվել բնակավայրից չբացակայելու վերաբերյալ:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Դիտվել է 1273 անգամ:
Print Friendly

Leave a Reply