2010 թվականին Հունաստանում գնաճը կազմել է 4,7 տոկոս
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | January 12, 2011 12:18
2010 թվականին Հունաստանում գնաճը գրեթե քառակի բարձր է եղել, քան 2009 թվականին` 4,7 տոկոս 1,2 տոկոսի դիմաց: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, երեքշաբթի տեղեկատվություն է հրապարակել Հունաստանի վիճակագրական ծառայությունը:
«2010 թվականի հունվարից մինչեւ դեկտեմբեր 2009 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսի փոփոխությունների տարեկան միջին ցուցանիշը կազմել է 4,7 տոկոս»,- ասված է ծառայության մամլո տեղեկագրում: Ըստ որում 2010 թվականի դեկտեմբերին գնաճը նախորդ ամսվա համեմատ կազմել է 0,4 տոկոս, իսկ 2009 թվականի դեկտեմբերի համեմատ` 5,2 տոկոս, նշել են վիճակագիրները:
Եվրոստատ գործակալության տվյալների համաձայն` 2010 թվականի դեկտեմբերին եվրոգոտում տարեկան գնաճը 2,2 տոկոս էր: Տարվա ընթացքում Հունաստանում ամենից ավելի թանկացել են ալկոհոլային խմիչքներն ու սիգարետները` 18,9 տոկոսով, ինչպես նաեւ տրանսպորտը` 15,1 տոկոսով: Դրան նպաստել է ծխախոտի, ալկոհոլի եւ վառելիքի ակցիզների կտրուկ բարձրացումը: Երկրի իշխանությունները մայիսին պարտավորվել են Եվրամիության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի վարկային աջակցության դիմաց կտրուկ կրճատել բյուջետային դեֆիցիտը:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ Հունաստանը 2010 թվականի բյուջեն կատարել է սկզբնապես ամրագրված ցուցանիշների ոչ մեծ գերազանցմամբ: «2010 թվականի բյուջեն փակվել է սպասվածից ավելի լավ արդյունքով»,- ասված է երկրի ֆինանսների նախարարության մամլո տեղեկագրում: Բյուջեի դեֆիցիտը 2009 թվականի համեմատ կրճատվել է 36,5 տոկոսով` պլանավորված 33,3 տոկոսի փոխարեն, ասված է հաղորդագրության մեջ: Բյուջեի ծախսերը ծրագրվածից 7,5 տոկոսի փոխարեն կրճատվել են 9 տոկոսով: Բացարձակ թվերով՝ 2010 թվականի բյուջետային դեֆիցիտը կազմել է 19,6 մլրդ եվրո՝ 2009 թվականի 30,8 մլրդ եվրոյի դիմաց:
«Ֆինանսների նախարարությունը գտնում է, որ 2010-ի բյուջեի կատարմանը վերաբերող տվյալները ցույց են տալիս, որ Հունաստանը համապատասխանում է 2010 թվականի հակաճգնաժամային ծրագրի ընդհանուր խնդիրներին»,- նշվում է հաղորդագրության մեջ: Նախորդ տարին դարձել է Հունաստանի էկոնոմիկայում ռեցեսիայի երկրորդ տարին, տնտեսական աճ է սպասվում 2012 թվականից ոչ շուտ, ծախսերի հերթական կրճատումը ծրագրված է 2011 թվականին:






Facebook
Tweet This
Email This Post
