Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ ծրագրերը կշարունակվեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 11, 2011 17:16

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն  այսօր  ընդունեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային տնօրեն Պոլ Անրի Ֆորեսթերին: Հանդիպման նպատակը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ մայրաքաղաքում իրականացվող ծրագրերի ընթացքի և դրանց շարունակականության հետ  կապված խնդիրների  քննարկումն էր:

Ողջունելով հյուրերին` Երևանի քաղաքապետն ընդգծեց, որ քաղաքապետարանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև հաստատված բոլոր ծրագրերը մայրաքաղաքում պետք է լինեն շարունակական: Պոլ Անրի Ֆորեսթերը քաղաքապետին ներկայացրեց Երևանի մետրոպոլիտենի անվտանգության ապահովման ծրագիրը, որով  նախատեսվում է առաջնային կապիտալ ներդրումներ կատարել Երևանի մետրոպոլիտենն արդիականացնելու նպատակով: Ծրագիրը բաղկացած է երկու փուլից, որոնցից առաջինն արդեն ընթացքում է: Կողմերը պայմանավորվեցին 2011թ.-ին սկսել նաև երկրորդ փուլով նախատեսված աշխատանքները:

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում են,  որ, ըստ այդ ծրագրի, կնորացվի մետրոպոլիտենի շարժակազմը, կբարելավվեն ռելսային ուղիները, կվերազինվի էներգամատակարարման համակարգը, կփոխվեն պոմպերը: Բացի այդ, նախատեսվում է ներդնել տեխնիկական սպասարկման միջոցներ և կառուցել ցամաքուրդային համակարգ:
Քննարկվեցին նաև ավտոկայանատեղիներին առնչվող քաղաքականություն մշակելու և Նուբարաշենի աղբավայրի թափոնակուտակման կառավարման ծրագրի հետ կապված խնդիրներ: Առաջիկայում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն այս երկու ծրագրերի առիթով որոշակի առաջարկներ կներկայացնի Երևանի քաղաքապետին:

Կարեն Կարապետյանը նշեց, որ լուրջ ուշադրություն պետք է դարձվի պետություն-մասնավոր սեփականություն համագործակցությանը: «Մայրաքաղաքում գործարարների և ներդրող օպերատորների համար պետք է ստեղծվի բարենպաստ ներդրումային դաշտ: Երևանը պետք է դառնա բիզնեսի համար գրավիչ մայրաքաղաք»,- ընդգծեց Երևանի քաղաքապետը:

Դիտվել է 1645 անգամ:
Print Friendly

Leave a Reply