Հնագետ. Աշխարհի ամենահին գինեգործական համալիրը Արենիի քարանձավում հայտնաբերվել է դեռեւս 2007 թվականին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | January 11, 2011 16:14

Աշխարհի ամենահին՝ ավելի քան 6000 տարվա վաղեմության գինեգործական համալիրը Արենիի քարանձավում հայտնաբերվել է դեռեւս 2007 թվականին՝ այսինքն 5500-ամյա կոշիկի հայտնաբերումից շուրջ մեկ տարի առաջ։ NEWS.am-ի թղթակցին այս մասին հայտարարեց համալիրը հայտնաբերած հայ-ամերիկյան-իռլանդական համատեղ արշավախմբի ղեկավար Բորիս Գասպարյանը։

«Մենք նախկինում էլ ենթադրում էինք, որ գործ ունենք գինեգործական ամենահին համալիրի հայտնաբերման փաստի հետ եւ բազմիցս հայտարարել ենք այդ մասին,սակայն այժմ՝ շուրջ 21 լաբորատորիաների կողմից անցկացված ուսումնասիրությունների արդյունքների համաձայն կարող ենք առավել լիարժեք եւ ի լուր աշխարհի բարձրաձայնել այս մասին»,-ասաց Գասպարյանը։

Հարցին, թե գինեգործական հնագույն համալիրի հայտնաբերումը կարո՞ղ է հնարավորություն տալ պնդելու, որ Հայաստանը գինեգործության բնօրրանն է, արշավախմբի ղեկավարը նկատեց. «Ոչ, նման բան չի կարելի պնդել։ Դա ուղղակի առավել ռեգիոնալ բնույթի փաստ է։ Պարզապես մեր բախտը բերել է. մենք ունենք այնպիսի բնագիտական սկզբնաղբյուր, որը թույլ է տալիս լուսաբանել այս հարցը։ Միաժամանակ գրեթե բացառվում է, որ Երկրագնդի մեկ այլ կետում նման մեկ այլ համալիր հայտնաբերվի, որովհետեւ խաղողի եւ նրա վայրի տեսակների մշակումը կատարվել է հենց այս տարածաշրջանում»,- հիշեցրեց Բորիս Գասպարյանը։

Նա նաեւ տեղեկացրեց, որ 2011-ին նախատեսված աշխատանքների ժամանակ փորձ է արվելու հարեւան քարայրներում ստուգողական պեղումներ իրականացնել՝ հասկանալու համար Արենին բացառություն  է, թե նման համալիրներն այդ տարածքի առանձնահատկություններից են։

Նշենք, որ խոսքը միեւնույն՝ Արենի-1 քարանձավի մասին է, որտեղից 2008 թվականի սեպտեմբերին պեղվել էր աշխարհում ամենահին՝ավելի քան 5500 տարեկան կաշվե կոշիկը։

Դիտվել է 1559 անգամ:
Print Friendly

Leave a Reply