Սիրահարների տոնն այս տարի կնշվի փետրվարի 19-ին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | January 11, 2011 15:46

Սիրահարների հովանավոր Սուրբ Սարգիս Զորավարի տոնն այս տարի կնշվի փետրվարի 19-ին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը, տոնին նախորդում է Ս.Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց պահքը, որն այս տարի կսկսվի Տեառն Ընդառաջի օրը` փետրվարի 14-ին, եւ կշարունակվի մինչեւ փետրվարի 18-ը:

Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցում Սուրբ Սարգսի տոնը դասվում է շարժական տոների շարքին` ունի 35 օրվա տեղաշարժ: Այդ օրը Սրբի անունը կրող բոլոր եկեղեցիներում մատուցվելու է պատարագ: Սիրահարների տոնին նվիրված ավանդույթները բավականին շատ են: Դրանցից մեկը կապված է աղաբլիթի ու փոխինդի հետ: Տոնին նախորդող գիշերը, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են նախապես ճանաչել իրենց կյանքի կողակցին, աղաբլիթ են ուտում: Այդ գիշեր, Սուրբ Սարգսի հովանավորությամբ, երազում «ապագա կողակիցը» պետք է ջուր առաջարկի:

Եթե աղաբլիթ ճաշակողը խմում է այդ ջուրը, ուրեմն, անպայման գտնում է իր «երկրորդ կեսին»: Մեկ այլ ավանդության համաձայն` տան երիտասարդները երդիկին կամ պատուհանին դնում են փոխինդով լի ափսե,եւ եթե Սուրբ Սարգիսը գիշերն այցելում է ու իր ձիու նալի հետքը թողնում ափսեի մեջ, նշանակում է այդ տարի տվյալ տանը հարսանիք է լինելու: Հիշեցնենք, որ Արարատյան Հայրապետական թեմը եւ Աշխարհի հայ նկարիչների միությունը հայտարարել են Սիրո արագահաս բարեխոս Ս. Սարգսի տոնին նվիրված ցուցահանդես-մրցույթ, որի բացումը տեղի կունենա փետրվարի      19-ին, իսկ մրցույթի արդյունքները պարզ կլինեն միայն փետրվարի վերջին:

Սուրբ Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիսը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:

Դիտվել է 3616 անգամ:
Print Friendly

Leave a Reply