Սյունիքի գյուղատնտեսությունը միլիարդների վնաս է կրել
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | Աննա Մուրադյան | July 30, 2009 16:09
ՀՀ Կառավարությունը Սյունիքի մարզի զարգացման համար հաստատել է 2010-2013 թթ. միջնաժամկետ ծրագիրը, որի համար նախատեսված է 71,9 մլրդ դրամ: «Ըստ բնագավառների` այդ գումարը բախշվելու է հետևյալ կերպ,-այսօր ասաց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը,-14.766մլրդ դրամ՝ առողջապահություն, 10.375մլրդ՝ կրթություն, 2.767մլրդ՝ մշակույթ, սպորտ, երիտասարդություն, 767մլն՝ սոցիալական, 2.223մլն՝ գյուղատնտեսություն, 399մլն՝ բնապահապնություն և այլն»:
Խաչատրյանն ասաց, որ մարզում առկա բոլոր խնդիրներն ընդգրկված են այս ծրագրում: «Գյուղատնտեսության վիճակը Սյունիքի մարզում ահավոր վիճակում է, ինչպես մնացած բոլոր մարզերում,-ասաց Խաչատրյանը,-տեղացած հորդ անձրևներից ու կարկուտներից գյուղացին շատ է տուժել և չի ստացել այն, ինչի ակնկալիքն ուներ»: Գյուղատնտեսությանը հասցված վնասների մասով կազմված ակտեր են ներկայացվել կառավարությանը. «ակտերը մոտավորապես 3 մլրդ դրամի սահմաններում, սպասում ենք պատասխանի»,- ասաց Խաչատրյանը:
Մարզպետն ասում է, որ Քաջարանի պղնձամոլիբդենային, Ագարակի ու Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատներում ապրիլի 1-ից բոլոր այն աշխատողները, ովքեր գտնվում էին հարկադիր պարապուրդի մեջ, վերադարձել են աշխատանքի: «Այժմ բոլոր 3 կոմբինատներում աշխատում են այնքան մարդ, ինչքան խորհրդային տարիներին,- ասում է Խաչատրյանը,- իսկ միջազգային շուկայում հանքանյութի գներն աստիճանաբար բարձրանում են: Եվ մոտավորապես 2 տարուց Սյունիքի մարզում հանքարդյունաբերությունն ավելի մեծ ծավալների կհասնի»:
ՀՀԿառավարության տվյալներով` այս 3 խոշորագույն կոմբինատներում ընդհանուր աշխատողների թիվը մոտ 6000 է:
Ընթացիկ տարվա փետրվարին կառավարության հանձնարարականով ֆինանսների նախարարարությունը 10 մլն դոլարին համարժեք դրամ բյուջետային վարկ էր տրամադրել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին` վերջինիս շրջանառու միջոցների համալրման և տնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու նպատակով:






Facebook
Tweet This
Email This Post
