Հայաստանի պատանի 3 սեղանի թենիսիստ կմասնակցի Հունգարիայում կազմակերպվելիք մարզական ճամբարին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 30, 2009 15:55

hpim1581Օգոստոսի 2-9-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտից ոչ հեռու կազմակերպվելու է պատանի սեղանի թենիսիստների ճամբար, որին մասնակցելու են Եվրոպայի 26 երկրների, այդ թվում` Հայաստանի ներկայացուցիչներ. այս մասին այսօր Երևանի «Արմատ» ակումբում կայացած լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սեղանի թենիսի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Դիլոյանը: Մեր երկրի ներկայացուցիչներն առաջին անգամ են իրավունք ստանում` մասնակցելու այդպիսի միջոցառման:

Ապրիլին Գերմանիայում կազմակերպվել էր մինչև 16 տարեկան սեղանի թենիսիստների ճամբար, սակայն Հայաստանից որ մի մարզիկ չէր եղել: Իսկ  այս անգամ մինչև 12 տարեկաների ճամբարում իրենց կարողությունները կփորձեն Էռնեստ Ապրյանը, Սերգեյ Սիմոնյանը, Դիանա Խոջագորյանը:

Ի դեպ, վերջինս ճանաչված սեղանի թենիսիստուհի, միջազգային կարգի սպորտի վարպետ, ԽՍՀՄ բազմակի չեմպիոնուհի, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի կրկնակի չեմպիոն Աննա Պողոսյանի դուստրն է: Հունգարիայում երեխաների կողքին է լինելու նաև ՀՀ պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պողոսյանը: Մեր պատանի սեղանի թենիսիստները կմարզվեն ճանաչված մասնագետների ղեկավարությամբ, թեստեր կհանձնեն, ստուգողական հանդիպումներ կանցկացնեն: Ճամբարի վերջին ընտրվելու են 20 լավագույն սեղանի թենիսիստները և թենիսիստուհիները:

Նրանք հետագայում իրենց վարպետությունը կատարելագործելու  հատուկ ծրագրով մասնակցելու են միջազգային մրցումների`  սեղանի թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի միջոցներով: Սեղանի թենիսի Եվրոպայի ֆեդերացիան այսկերպ հնարավորություն կտա Հին աշխարհամասի ներկայացուցիչներին այս մարզաձևում բարձր մակարդակի հասնել  և հավասարապես պայքարել ասիական երկրների, հատկապես չինացի թենիսիստների հետ:

Դիտվել է 1527 անգամ:
Print Friendly

Leave a Reply