Հայկական «եսիմինչիզմի» ֆենոմենը

ԷՍՍԵ | | January 11, 2011 12:16

Հայաստանում մի նոր քաղաքական ուսմունք է ձևավորվել, որը կիրառելի է միայն հայ  իրականության մեջ: Ասում են` հայ ժողովուրդը տաղանդավոր է: Չեմ վիճում: Տաղանդ է պետք քաղաքական «եսիմինչիզմ» ունենալու համար: Սա  բոլորովին նոր, իր նմանը դեռ ոչ մի տեղ ու ժամանակ չունեցող տերմին է քաղաքագիտության պատմության մեջ: Այն հավակնում է դեռ երկար գերակայել հայ հասարակությունում:

Այս նոր իրողությունը բավական խրթին է և արժանի հավուր պատշաճի ուսումնասիրության:

«Եսիմինչիզմին» հատուկ է կառավարման ամբոխավարության ձևը: Այս տիպի հասարակությունում յուրաքանչյուր քաղաքացի  ինքնակոչ նախագահ-վարչապետ-նախարար-բժիշկ-գիտնական-գրող-հրապարակախոս ու այդպես  էլի ու էլի «եսիմինչական» է:

«Եսիմինչիզմի» հասարակությունում հարգի է բողոքել-քննադատելու արվեստը (հիմնականում անհիմն ու անտեղի, որ, ինչ խոսք, տաղանդի նշան է): Այստեղ ամեն քայլափոխի կարող ես հանդիպել «ամեն մեկն իր համար», «էս սարն իմն է, էս ծառն իմն է», «մենք ենք, մեր ռուսները», «հողերը տանք, հանգիստ ապրենք», ու նման շատ «եսիմինչ»  կոչ-արտահայտությունների:

«Եսիմինչիզմի» հիմնադիրները «եսիմովքեր» են, որ  «եսիմինչի» եկել ու «եսիմինչավորել» են էս մեր երկիրը: Էս «եսիմովքեր» «եսիմինչպես» արեցին, որ հայկական հասարակության մեջ առաջացան արհեստածին աշխարհատարածական,  սոցիալ-քաղաքական և այլ բնույթի բաժանարար գծեր, օրինակ` «ղարաբաղցի», «երևանցի»,  «եսիմինչացի»…. նաև «սերժական», «լևոնական» ու էլի անթիվ, անհամար «եսիմինչական»…. : Ասեմ, որ դա այնքան էլ հեշտ գործ չէ: Դե արի ու մոտ երեք միլիոն մարդու, այսպես ասած, «սորտավորի»` չհաշված մոտ 8 միլիոնանոց Սփյուռքը: Ջանք ու եռանդ է պետք դրա համար: Էտալոն հարգող, սիրող ժողովուրդ ենք, առանց իրար պիտակավորելու չենք կարող ապրել: Ինքնատարանջատման գործընթացը հասել է իր գագաթնակետին, որի հետևանքը վաղ թե ուշ կարող է հանգեցնել ինքնաոչնչացման: 5000 տարի ապրել, պայքարել ենք, որ այսօր ինքներս ստեղծենք այս «վիրուսը», ինքներս «մեր վերջը տանք ու պրծնենք էս անօրեն ու անիրավ աշխարհից»….

Չե՞ք կարծում, որ վաղ է հանձնվելու համար: Այսքան տառապանք ու ցավ ենք տեսել, այսքան պայքար ու հաղթանակներ ենք ունեցել, որ այսպես հեշտությամբ ջուրը գցենք: 5000-ամյա  պատմություն ունենք: Այն թանկ է ցանկացած «եվրոպականացված բարեկեցիկ կյանքից», թանկ է նավթից ու գազից, թանկ է ամենամեծ հարստությունից… Հարստությու՞ն: Հարստությունը մեր հոգևոր, մշակութային ժառանգությունն է, որը չենք գնահատում: Կասեք`  պատմությամբ ու եկեղեցու քարերով «տուն չես պահի, չես կշտանա»: Ասեմ` կպահես էլ, կկշտանաս էլ հենց այն վայրկյանից, երբ սկսես գնահատել և հօգուտ օգտագործել այն ամենը, ինչ ունես: Հարգենք ինքներս մեզ` այդպիսով  դիմացինին ստիպելով հարգել մեզ: Մինչև ե՞րբ ենք ինքնախարազանմամբ զբաղվելու: Ինքնամաքրումը և ինքնաքննադատությունը լավ բան է, բայց չափ ու սահման ունի…

Ի՞նչ է պետք նորից խելքներս գլուխներս հավաքելու, սթափվելու համար: Ինչ է, մի նոր ցեղասպանությու՞ն, թե մի նոր օտարի բռնատիրությու՞ն: Գուցե ադրենալինի պակա՞ս ունենք, սուր էմոցիաներ ե՞ն պետք: Բայց այդ ամենը տեղը տեղին ապահովված է. թշնամին, ատամները սրած, պատրաստ է հարձակման, ներքին տիրանիան էլ առանձնապես չի զիջում արտասահմանյանին: Դե եկեք  սթափվենք ու այս «եսիմինչիզմը» վերածենք «կոնկրետիզմի», ու նորից ՎԵՐԵԼՔ….

Անի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է 1631 անգամ:
Print Friendly

Leave a Reply