Տարոն Ենգիբարյանը մահացել է, Սերգեյ Կարապետյանը ձերբակալված է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 10, 2011 21:47

Տավուշի մարզի զորամասերից մեկում դեկտեմբերի 31-ի ուշ երեկոյան տեղի ունեցած միջադեպի հետեւանքով ծանր վնասվածքներ ստացած 20-ամյա Տարոն Ենգիբարյանը երկուշաբթի օրը մահացել է: Զորամասի` արդեն նախկին հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանը ձերբակալված է:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանագրով Սերգեյ Կարապետյանն ու զորամասի հրամանատարական կազմի եւս երկու սպաներ երկուշաբթի օրը ազատվել են զբաղեցրած պաշտոններից:

Տարոն Ենգիբարյանը շուրջ 10 օր անգիտակից վիճակում պառկած էր Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Դեպքը տեղի էր ունեցել դեկտեմբերի 31-ի ուշ երեկոյան՝ հրամանատար Կարապետյանի եւ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ մի քանի երիտասարդների միջեւ, որոնց հետ նաեւ Տարոնն էր եղել: Երիտասարդները գնացել են զորամաս` իրենց ծանոթներից մեկին տեսնելու: Սերգեյ Կարապետյանը նրանց նկատել է զորամասի անցագրային մուտքի մոտ եւ մահացածի հարազատների փոխանցմամբ՝ հայհոյանքներ ու սպառնալիքներ տեղացել: Ծագել է վիճաբանություն, ծեծկռտուք եւ երբ տղաները նստել են մեքենան եւ փորձել են հեռանալ, հրամանատարը` Սերգեյ Կարապետյանը, կրակել է մեքենայի անվադողերին, այնուհետեւ պահանջել է նրանց բերել զորամասի շենքի երկրորդ հարկում տեղակայված իր սենյակ։ Մահացածի հարազատների տեղեկություններով, երբ նա սկսել է կրակահերթ արձակել սենյակի պատերին, երիտասարդները վախից փորձել են երկրորդ հարկից թռչելով փախչել, ինչի հետեւանքով Տարոն Ենգիբարյանը ստացել է ծանր գանգուղեղային տրավմա: Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Շտապ օգնության եւ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գագիկ Մանուկյանից տեղեկացանք, որ երիտասարդը մահացել է առանց գիտակցության գալու:

Տարոն Ենգիբարյանը մի քանի շաբաթ առաջ էր ավարտել զինվորական ծառայությունը: Պապի՝ Գրիգոր Ենգիբարյանի փոխանցմամբ, երիտասարդը պատրաստվում էր շարունակել ուսումը: Իջեւանի զորամասի հրամանատարին Տարոնի պապը հարցնում է` եթե տղաները օրենք էին խախտել, թող ոստիկան կանչեր, ինչո՞ւ էր որոշել անձամբ պատժել երիտասարդներին:

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Սերգեյ Կարապետյանին մեղադրանք կառաջադրվի օրենքով սահմանված ժամկետում:

«Զորամասի հրամանատարի եւ մի խումբ քաղաքացիների միջեւ վիճաբանության» փաստի առիթով քրեական գործ է հարուցված խուլիգանության հատկանիշներով` Քրեական օրենսգրքի 258 հոդվածի երրորդ մասով:

azatutyun.am

Դիտվել է 2666 անգամ:
Print Friendly

Leave a Reply