«Սեզոնային գրիպն ավելի վտանգավոր է, քան խոզի գրիպը»,- ասում է համաճարակաբան Լիանա Թորոսյանը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | July 30, 2009 14:38
liana-torosyan

Լիանա Թորոսյան

Հայաստանն ունի բավարար լաբորատոր պայմաններ` խոզի գրիպը ախտորոշելու համար: Տվյալ պահի դրությամբ դեռևս լաբորատոր հաստատված որևէ դեպք Հայաստանում չի արձանագրվել»,- այս մասին այսօր ասաց Առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը:

Հանրապետության բոլոր հակահամաճարակային տեսչությունները, ըստ Թորոսյանի, ապահովված են «Տամիֆլյու» դեղամիջոցով, որն օգտագործում են վիրուսակիրների բուժման ընթացքում: Իրազեկման աշխատանքներ են կատարվում նաև բուժաշխատողների և բնակչության շրջանում, տարածվում են խոզագրիպից պաշտպանվելու միջոցները ներկայացնող բուկլետներ:

Խոզի գրիպով վարակված Վրաստանի 6 քաղաքացիներից մեկն արտերկրից Հայաստանով է մեկնել Վրաստան: «Վրաստանի քաղաքացին Հայաստանում շարքային քաղաքացիների հետ չի շփվել, ուստի քիչ է հավանական վարակի տարածման հնարավորությունը»,-ասաց Թորոսյանը:

Հուլիսի 27-ի դրությամբ աշխարհում գրանցվել է խոզի գրիպով հիվանդացության 134.503  դեպք, որից 800-ը` մահացու ելքով: Սակայն, ըստ Թորոսյանի, խոզի գրիպը վտանգավոր չէ մարդկանց համար, եթե վարակակիրը չունի շնչառական ուղիների խրոնիկ հիվանդություն:

Աշխարհում ամեն տարի 2 միլիոն մարդ է վարակվում սեզոնային գրիպով, դրանց 30 տոկոսը` մոտ 600 հազար մարդ, մահանում է:

Ապրիլից, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց համաճարակի 4-րդ մակարդակ, այն է` վիրուսը փոխանցվում է մարդուց մարդուն, Հայաստանում ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը և համակարգում է վիրուսի կանխարգելման աշխատանքները:

Սահմանային անցակետերում հատուկ բժշկական կետ է ստեղծվել, որտեղ «վիզուալ զննում են ուղևորների առողջական վիճակը, ինչպես նաև հարցուփորձ են անում»,-ասում է Թորոսյանը:

Զվարթնոց օդանավակայանում գործում է հատուկ ստուգման անցակետ, որտեղ բոլոր ուղևորները հատուկ հարցաթերթիկ են լրացնում իրենց առողջական վիճակի և Հայաստանում բնակության վայրի մասին: Խոզագրիպի արձանագրված դեպքեր ունեցող երկրների ուղևորների նկատմամբ սահմանվում է 7-օրյա հսկողություն:

«Նրանց բնակության վայրի բուժքույրն օրական 2 անգամ այցելում է օտարերկրացի ուղևորին և ստուգում ջերմությունը, հարցուփորձ անում ինքնազգացողության մասին»,- ասում է Թորոսյանը:

Օդանավակայանում տեղադրված է նաև ջերմացույց, որը որոշում է ուղևորների ջերմությունը հեռավորության վրա: Թորոսյանն ասում է, որ ջերմացույցի միջոցով բացահայտվել է 8 ջերմող ուղևոր` ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իսպանիայից: Նրանց հոսպիտալացրել են, սակայն 7-օրյա հսկողությունից հետո պարզվել է, որ նրանց մոտ պարզապես սեզոնային գրիպ է եղել:

Դիտվել է 1906 անգամ:
Print Friendly

Leave a Reply