Ադրբեջանում նախագահին միջազգային ճնշումներից պաշտպանող օրենքի նախագիծ է մշակվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 8, 2011 13:16

Ադրբեջանի իշխանությունը սահմանադրական փոփոխությունների հետ կապված օրենքի նախագիծ է պատրաստում, որն ուղղված է «նախագահի դեմ միջազգային ճնշումների կանխմանը»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ենի Մուսավաթ» թերթը, օրենքի նախագիծը պատրաստում է «Մայր Հայրենիք» կուսակցության նախագահ, պատգամավոր Ֆազաիլ Աղամալըն:

Նրա խոսքով` նոր օրենքը թույլ կտա միջազգային ճնշումներից պաշտպանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, ինչպիսին է, օրինակ, նախկին թուրք դիվանագետ Թուրգութ Էրի` Հեյդար Ալիեւի մասին գրած` վերջինիս իշխանության գալու եւ իշխանության տարիներին կատարած հակաժողովրդական գործողությունների մասին պատմող գիրքը:

Ֆ.Աղամալըն գտնում է, որ Ադրբեջանի իշխանությունը չի կարողացել իրավական որեւէ քայլ կատարել այդ գրքի դեմ` օրենքների «անկատարության» պատճառով: Անցյալ տարվանից սկսած` Ադրբեջանի իշխանության նկատմամբ ճնշումներն աճել են: «The Washington Post» թերթում Ի.Ալիեւի` Դուբայում ունեցած տասնյակ միլիոնավոր դոլար արժողությամբ անշարժ գույքի մասին հրապարակումներից հետո թուրք դիվանագետ Թ.Էրի եւ Եվրոպայի Խորհրդի Ադրբեջանի գծով նախկին համազեկուցող Անդերս Հերկելի` Ադրբեջանի մասին գրած գրքերը մեծ աղմուկ են առաջացրել այդ երկրում: Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչները նույնիսկ աշխատել են քայլեր կատարել Թ.Էրին դատի տալու ուղղությամբ: Նրանք հայտարարել են, որ Թ.Էրը պետք է ձերբակալվի` Հ.Ալիեւի պատիվն ու արժանապատվությունը «վիրավորելու» համար:

Սակայն, այդ գործը կիսատ է մնացել` բավարար իրավական բազայի բացակայության պատճառով: Իշխանության` միջազգային ճնշումներից իրեն պաշտպանելու համար օրենք ունենալու անհրաժեշտության վերաբերյալ մեկնաբանության մեջ փաստաբան Ֆուադ Աղաեւը թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ եթե Ադրբեջանը նման փաստաթուղթ ընդունի, ապա քննադատության կենթարկվի դեմոկրատական երկրների կողմից: «Ադրբեջանը կարող է ընդունել միմիայն իր տարածքում գործող օրենք, որը չի կարող տարածվել ադրբեջանական իշխանությանը քննադատող օտար երկրի քաղաքացու վրա», -ասել է ադրբեջանցի փաստաբանը:

Դիտվել է 1346 անգամ:
Print Friendly

Leave a Reply