Նապաստակի տարին տվել է հատկապես քաղաքականության, գիտության հայտնի գործիչներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 8, 2011 13:08
Նապաստակի տարում ծնված հայտնի մարդկանց անդրադառնալիս աստղագետները չեն մոռանում խորհուրդ տալ 2011 թվականին անպայման հասցնել երեխա ունենալ` խոստանալով, որ նա կդառնա անվանի գիտնական, քաղաքականության կամ արվեստի գործիչ: Ընդ որում, համաձայն արեւելյան աղբյուրների, տարին կտեւի մինչեւ 2012 թվականի հունվարի 22-ը, իսկ իրական մեկնարկը դեռ տրված չէ. նապաստակը փետրվարի 3-ից նոր միայն իսկապես կմտնի իր իրավունքների մեջ:
Նապաստակի տարում են ծնվել նշանավոր քաղաքական գործիչներ Իոսիֆ Ստալինը, Վիկտորյա թագուհին, Ֆիդել Կաստրոն, գիտնականներ Կոնֆուցիոսը, Ալբերտ Էյնշտեյնը, Մարի Կյուրին: Համաստեղությունը չի շրջանցել նաեւ արվեստի բնագավառը, հատկապես` երգարվեստը. «նապաստակ» են Ստինգը, Ուիթնի Հյուսթոնը, Ֆրենկ Սինատրան: Իսկ այն, որ այս համաստեղության ներքո են ծնվել նաեւ Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը, միանգամայն համոզիչ է դարձնում կանխատեսումները, թե տարին ունի պտղաբերության, ընտանիքին նվիրվածության խորհուրդ. հոլիվուդյան աստղային զույգը մեծացնում է վեց երեխաների:
Աստղագետները «նապաստակների» համար բարգավաճման, հաջողությունների շրջան են համարում ոչ միայն 2011 թվականը, այլեւ հաջորդող վեց տարիները. 21-րդ դարի երկրորդ տասնամյակի հենց սկզբից նրանց համար սկսվում է կյանքի «յոթնամյա առանձնահատուկ փուլ»: Այս ընթացքում իրագործելի են «նապաստակների» անգամ ամենահավակնոտ ու անհավանական նպատակները: Իսկ մյուս համաստեղությունների ներկայացուցիչներին խորհուրդ է տրվում նապաստակի տարում զարգացնել դիվանագիտական հատկանիշներ, ճկունություն շփումներում, լինել եռանդուն:
Նյութն ըստ Արմենպրեսի






Facebook
Tweet This
Email This Post
