«Զվարթնոցի» ազատ տնտեսական գոտին կգործի 2011 թ. ապրիլից

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | January 8, 2011 12:05

Հարցազրույց Հայաստանի էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանի հետ։

Պրն Միրզոյան, «Զվարթնոց» օդանավակայանում ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագիրը ի՞նչ փուլում է։

Արդեն ապրիլին օդանավակայանում սառնարանային-պահեստային տնտեսությունը պատրաստ կլինի։ Նախարարությունում ստեղծված է խորհուրդ, որտեղ ներկայացված են էկոնոմիկայի եւ գյուղատնտեսության նախարարությունները, գյուղատնտեսական ոլորտի հասարակական կազմակերպություններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Հազարամյակի մարտահրավերներ»-ը, Եվրոպական զարգացման եւ վերակառուցման բանկը, USAID-ն եւ այլն։

Իսկ ի՞նչ քայլեր են արդեն կատարվել։

Ազատ տնտեսական գոտու ստեղծման հայեցակարգը կառավարությունում հավանության արժանացավ 2008 թ. վերջում։ Ծրագիրն իրականացվում է օդանավակայանի կառավարչի՝ պրն Էռնեկյանին պատկանող «Կորպորասիոն Ամերիկա ՍԱ» ընկերության հետ։ Հոլանդիայից հրավիրեցինք փորձագետ՝ Ջափ դը Մոլը, որը ներկայացնում է ծաղկի շուկայում ամենամեծ՝ «Ֆլորա Հոլանդ» ընկերությանը։ Նա պետք է օգներ մշակելու բիզնես մոդելը։ Նրա առաջարկությունների հիման վրա մեր ծրագիրն ավելի ընդլայնվեց։ Այսպես. մտցվեց մարզերում մրգի հավաքման տարրը, հստակեցվեց արտահանման ողջ շղթան՝ ընդհուպ մինչեւ օտարերկրյա պետության խանութ կամ առեւտրային այլ ցանց։

Ի՞նչ է իրենից ներկայացնում մրգի հավաքման կենտրոնը։

Հավաքման կենտրոնը սառնարանային տարածք է։ Նաեւ գյուղացիներին խորհրդատվություններ կմատուցվեն՝ սկսած նրանից, թե ինչ գյուղմթերք եւ ինչպես աճեցնել։ Դա այսօր լուրջ խնդիր է։ Մեր գյուղմթերքը էկոլոգիապես մաքուր է, բայց գյուղացիների գիտելիքի պակասի հետեւանքով մինչեւ սպառողի սեղանին հասնելը՝ կորցնում է տեսքը։ Հնարավոր է նաեւ պարարտանյութերի մատակարարում։ Արդեն կան ներդրողներ, որոնք մի քանի մարզերում կստեղծեն մի քանի հավաքման կենտրոններ։ Այդպիսի կենտրոններ կստեղծվեն նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում, որտեղ սակայն խորհրդատվություն չի լինի։

Գյուղացին հնարավորություն ունի՞ առանց այդ հավաքման կենտրոնների միանգամից մտնել ազատ տնտեսական գոտի, թե՞ դա պարտադիր միջանկյալ օղակ է։

Գյուղացին ազատ է իր ընտրության մեջ։ Հավաքման կենտրոնն ընդամենը այլընտրանք է, մնացածը գյուղացու ընտրության հարցն է։ Բայց գյուղացին տարվա սկզբում պետք է իմանա, թե ինչպես է համագործակցելու հավաքման կենտրոնի հետ՝ ի՞նչ գնով է հանձնելու, ինչպե՞ս է կիրառելու բույսի մշակման նոր տեխնոլոգիաները՝ ոռոգումը, պարարտացումը, սելեկցիան եւ այլն։

Արտասահմանում կա՞ հետաքրքրություն այս գոտու նկատմամբ, ունե՞ք հետազոտություն։

Հետաքրքություն կա եւ ռուսական, եւ եվրոպական սուպերմարկետների ցանցերի կողմից։ Հետաքրքրություն կա նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից։ Երբ պաշտոնական այցով Հայաստանում էր գտնվում ԱՄԷ արտաքին առեւտրի նախարար Շեյխա Լուբնա ալ Քասիմին, նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մեր տնտեսական ազատ գոտին կհամագործակցի Շարժայի գոտու հետ։

Զրուցեց Սամվել Ավագյան

– NEWS.am

Դիտվել է 1974 անգամ:
Print Friendly

Leave a Reply