Գեներալներն ու նախագահը. Էրդողանն Ինչու՞ է խոստովանում, որ եղել է թուրքական ֆաշիզմ.

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | May 30, 2009 16:16

2-1Թուրքիայի վարչապետի հայտարարությունը, թե «տարիներ շարունակ իր երկրից այլազգիների վտարումն անառողջ մտածողությամբ ֆաշիստական դրսևորում էր», սենսացիա էր շատերի համար: Ոմանք այն համարեցին քեմալիստական քաղաքական համակարգը ներսից փլուզելու` իսլամիստական ուժերի վաղեմի ծրագրի ակնբախ դրսևորում, ոմանք էլ` խիզախ քայլ, որն ուղղված է երկրի ժողովրդավարացմանը: Դա նորությու՞ն է, թե՞ մշակված ու հեռու տանող, շահադիտական նպատակներ հետապնդող քայլ:

Եթե հասկանանք թուրքական քաղաքական համակարգի ինստիտուտների գործունեությունն ու ոչ ֆորմալ հարաբերությունների ազդեցությունը որոշումների ընդունման գլխավոր կենտրոնների վրա, ապա կհանգենք այլ եզրակացության: Թուրքիայում կան տաբուներ, որոնց մասին խոսելը քրեորեն հետապնդելի է: Այդ տաբուներից ամենահինն ու ամենավտանգավորը հայկական հարցն է. Թուրքիան ստեղծվել է ազգային հիմքերի վրա և ժխտել է այլ ազգերի ինքնության ամրագրումն օրենսդրությամբ: Թուրքական ինքնությունը միահյուսվել է քաղաքացիության ինստիտուտի հետ, այսինքն, Թուրքիայում բոլոր ապրողները թուրքեր են` անկախ իրենց ազգային իրական պատկանելիությունից: Թուրգութ Օզալն առաջին նախագահն էր, ով ակնարկեց Թուրքիայում այլ ինքնությունների, մասնավորապես քրդերի` որպես էթնիկ խմբավորման գոյության ու իրավունքների մասին: Նա այդ մասին բացահայտորեն արտահայտվեց 1991-ին ԱՄՆ-ում իրեն ուղեկցող թուրք լրագրողների առջև, հետագայում պարզվեց, որ հանրապետության նախագահին լրտեսում էր այդ լրագրողներից մեկը` հօգուտ Ազգային անվտանգության խորհրդի գեներալների, որոնց աչքը վաղուց էր կարմրել Օզալի «քրդամետ» քաղաքականության պատճառով: Հետագայում` 93-ից հետո, Օզալի մերձավորները պետք է իր անսպասելի մահվան պատճառները փնտրեին այդ «ամերիկյան» հայտարարության մեջ: Օրինակն ապացուցում է, որ նույնիսկ հանրապետության նախագահը, ով թուրքական պետության խորհրդանիշն է ու երկրի գլխավոր պաշտոնյան, երաշխավորված չէ համակարգի այլ ինստիտուտների հետապնդումներից: Եվս մեկ փայլուն օրինակ. «Էրգենեկոն» ահաբեկչական ցանցի դեմ պայքարն իշխող «Արդարություն և զարգացումե կուսակցության նախաձեռնությունն էր: Ձերբակալվածների մեծ մասը պաշտոնաթող զինվորականների հետ սերտ կապեր ունեցող մտավորականներ ու գործակալներ են, մի մասն էլ` պաշտոնաթող գեներալներ, որ ծրագրում էին տապալել իսլամիստների իշխանությունը: Ժանդարմերիայի նախկին հրամանատար` Մուկադդես Էյուրգյուրի կինը նախօրեին արեց մի ուշագրավ հայտարարություն` «եթե գեներալները ցանկանան, նախագահ Աբդուլլահ Գյուլին էլ կհեռացնեն իշխանությունից, դա իրենց համար վայրկյանների հարց է»: Սա նշանակում է, որ գեներալիտետի ձեռքում է գտնվում որոշումների ընդունման բանալին: Դա աներկբա փաստ է: Զինվորականներն օրինական ընտրություններով իշխանության եկած պաշտոնյաներին 4 անգամ հեռացրել են իշխանությունից` պատճառաբանելով, որ նրանց գործունեությունը «խաթարում է ազգային անվտանգությունը»:

Արդյոք Էրդողանի հայտարարությունը «վտանգ» չէ՞ թուրքական պետության համար: Միանշանակ այո, բայց կան նրբություններ, որոնք պետք է ուշադրության արժանանան: Էրդողանի հայտարարությունը համընկնում է օրեր առաջ Թուրքիայում 2-րդ ռազմական հեղաշրջման 49-ամյակի և 1955-ի այս օրերին հույների նկատմամբ իրականացված ջարդերի 54-ամյակի նախօրեին: Անկարան` իր իսլամիստական ու աշխարհիկ քեմալական իշխանություններով, եվրոպական վեկտորը համարել է գերակա ուղղություն, որից շեղվելը հղի է լուրջ վտանգներով: 1998-ին «Բարօրություն» կուսակցության արտաքին քաղաքականության մեջ փոփոխությունը, որով Թուրքիայի հարաբերություները ջերմացվում էր իսլամական աշխարհի հետ, երկիրը Եվրոպայից հեռանում էր, հանգեցրեց նրան, որ կուսակցապետ Նեջմեդդին Էրբաքանը բանտարկվեց, հարուցվեց քրեական գործ, լուծարվեց իր ղեկավարած կուսակցությունը: Արդյոք Էրդողանը, որ Էրբաքանի «քաղաքական սանիկն է», չի՞ արժանանա նույն ճակատագրին: Ոչ, որովհետև վերջին տասնամյակում` Էրդողանի և թիմակիցների իշխանության գալուց հետո, շատ բան է փոխվել Թուրքիայում, մասնավորապես` հայկական հարցում:

Դա ոչ միայն արտասահմանում հայկական լոբբիստական խմբերի բանեցրած ճնշումների, այլև թուրք մտավորականության հետևողական քայլերի արդյունք էր: Ընդամենը թուրք գեներալներին հաջողվեց իրավիճակը պահել հսկողության տակ և «համաձայնության» գալ պաշտոնական գաղափարախոսությանն ընդդիմացող տարրերի հետ:

Միամտություն կլիներ կարծելը, որ Օրհան Փամուքին վերացնելը, ինչպես դա եղավ Հրանտ Դինքի դեպքում, դժվար հարց է թուրք ազգայնականների համար: Նույնպես միամտություն է ենթադրելը, որ Էրդողանին իր բոլոր «ոչ թուրքանպաստ» հայտարարությունների համար իշխանությունից հեռացնելը կամ ազատազրկելն անիրականանալի է: Խնդիրն այն է, որ Թուրքիայի քաղաքական համակարգում ավելի կենսունակ են ոչ ֆորմալ հարաբերությունները: Համոզված եմ, որ Էրդողանի` պարբերաբար հնչեցրած հայտարարությունների մասին լավատեղյակ են Ազգային անվտանգության խորհրդում, եթե չասենք` այդտեղից են ուղղորդվում: Հայկական տաբուի աստիճանական վերացումը պետք է դիտարկել հենց այս տեսանկյունից: Հայերից ցեղասպանության համար ներողություն խնդրելու վերաբերյալ թուրք մտավորականների նախաձեռնությունն այդպես էլ շարունակություն չունեցավ… այդ նպատակով ստեղծված ինտերնետային կայքէջի ստորագրությունները շատ դանդաղ են ընթանում, և գործընթացը վերահսկվում է, ըստ էության, ոչ ֆորմալ կառույցների կողմից: Փաստորեն, թուրք մտավորականության աչքն էլ է վախեցած. նրանք գիտակցում են, որ իրենց Դինքի ճակատագրին արժանացնելը գեներալների հովանավորությունն ունեցող ազգայնամոլների համար վայրկյանների հարց է: Ստացվում է` Էրդողանի հայտարարությունը ղեկավարվում է ինչ-որ կենտրոնից, որը հսկողության տակ է պահում իրադարձությունների զարգացումը: Համոզված եմ` հակառակ դեպքում իրադարձությունները դուրս կգան վերահսկողությունից և ձնագնդի էֆեկտով տհաճ անակնկալներ կմատուցեն այդ պետության` փաստացի իշխանության տեր գեներալների համար:

Էրդողանի հայտարարությունը` «մենք էլ ենք սխալներ գործել» և «ժամանակին էթնիկ փոքրամասնությունների արտաքսումը երկրից ֆաշիզմ էր», կարելի է ենթադրել` գեներալների հետ համաձայնեցված է, որ երկրի լիբերալացումը կանտրոլի տակ պահվի: Չմոռանանք, որ 2008-ի նոյեմբերին Էրդողանի ղեկավարած կաբինետից Պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը հայտարարել էր, որ եթե Թուրքիայի արևելյան շրջաններից ու Ստամբուլից չարտաքսվեին այլազգիները, ապա դժվար թե ստեղծվեր ժամանակակից թուրքական հանրապետությունը:
Վարչապետ Էրդողանն ի զորու չէր անգամ նկատողություն անել իր ենթակայության տակ գործող նախարարին…

Դիտվել է 1823 անգամ:
Print Friendly

Leave a Reply