Տարեվերջին, հնարարավոր է, կսկսի աշխատել Չինաստանում կառուցվող կաուչուկի հայ-չինական գործարանը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 30, 2009 12:23

1434091230043210Չինաստանում շուրջ 100 հա-ի վրա կառուցվող կաուչուկի հայ-չինական գործարանի վերագործարկման ծրագրում ճգնաժամը որևէ փոփոխություն չի մտցրել: Հավանական է, որ այն կսկսի աշխատել տարեվերջին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է «Նաիրիտ-2» գործարանի փոխտնօրեն Ալբերտ Սուքիասյանը, կառուցումից հետո խնդիրներ չեն լինի նաև գործարանի արտադրանքի իրացման հարցում:

Գործարանում ներկայումս ընթանում են տեղային փորձարկումներ և ստուգումներ, որոնք հաջորդել են արդեն ավարտված շինմոնտաժային աշխատանքներին: Գործարանը շահագործման կհանձնվի միայն ամբողջական փորձարկումից հետո:

Հայ-չինական գործարանի կառուցման ծրագրի ողջ արժեքը, Սուքիասյանի տեղեկացմամբ, ավելի քան 140 մլն դոլար է: Գործարանի 40 տոկոսի բաժնետերը Հայաստանն է, 60 տոկոսինը` Չինաստանը: Հայաստանի հիմնական ներդրումն այս ծրագրում մտավոր սեփականությունն է` կաուչուկի արտադրության նոր տեխնոլոգիաների առումով, որոնք ապահովում են արտադրության բարձր անվտանգություն և անթափոնություն: Ըստ Սուքիասյանի` կարևոր է, որ գործարանում կազմակերպվելիք արտադրության ժամանակ կիրառվելու է նաև չինական հարուստ փորձը:

Ակնկալվում է, որ սկզբում գործարանը տարեկան շուրջ 30 հազար տոննա կաուչուկ կարտադրի: Ըստ Սուքիասյանի` կան նաև արտադրության ծավալների ավելացման հեռանկարներ` կապված պահանջարկի հետ: Գործարանի արտադրանքն ամբողջապես պետք է սպառվի Չինաստանում, որտեղ, ըստ նրա, անսպառ շուկա կա:

Դիտվել է 1424 անգամ:
Print Friendly

Leave a Reply