Ֆորսմաժոր պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման գործընթացում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | June 4, 2009 12:03

netanyahu-obama-1Երբ Բենիամին Նեթանյահուն հաղթեց խորհրդարանական ընտրություններում և փոխարինեց Օլմերթին Իսրայելի վարչապետի պաշտոնում, հայտարարեց, որ ինքը հասել է քաղաքական հասունացման այն մակարդակին, որ կկարողանա ղեկավարել Մերձավոր Արևելքում խաղաղության գործընթացը: ԱՄՆ նախագահի հետ նախանցած շաբաթ «Սպիտակ տան» «Ձվաձև» առանձնասենյակում դեմ առ դեմ հանդիպումը ցույց տվեց հակառակը: Բարաք Օբամայի հետ Իսրայելի վարչապետի քննարկումները չտվեցին ցանկալի արդյունքներ: Պարզվեց` նրանք տարբեր մոտեցումներ ունեն Մերձավոր արևելքում խաղաղության հաստատման հարցում:

Առաջին` Օբաման հստակորեն ձևակերպեց վարչակազմի դիրքորոշումը` հասնել կարգավորման «երկու պետություն» բանաձևի հիման վրա, ըստ որի` իսրայելցիները և պաղեստինցիները կապրեն կողք կողքի հաշտության և անվտանգության պայմաններում: Նեթանյահուն ոչ մի խոսք անգամ չարտաբերեց «երկու պետության» մասին: Նա հայտարարեց, որ Իսրայելի արտաքին քաղաքականության օրակարգում իրանական «վտանգի» չեզոքացումն է, և որ պաղեստինյան իշխանություններն ու արաբական աշխարհը պետք է ընդունեն Իսրայել պետության հրեական հիմքերը… ի՞նչ է սա նշանակում:

Իսրայելում ապրում են նաև արաբներ, որոնք որևէ դեր պետք է չունենան Իսրայելի ազգային կրոնական հիմքերի ձևավորման վրա: Հետևաբար, նշանակում է, որ կարգավորման բանակցությունների ամենախնդրահարույց` փախստականների վերադարձի հարցն անընդունելի է Իսրայելի համար: Մոտ 2 միլլիոն փախստական պաղեստինցիների վերադարձի հարցը հարվածում է Իսրայելի անվտանգությանը: Եթե արաբական երկրները նախկինում գնային զիջումների և ընդունեին Իսրայելի առաջարկը` փախստականներին վերադարձնելու փոխարեն տալ փոխհատուցում, ապա հակամարտությունը վաղուց կկարգավորվեր:

Երկրորդ ամենակարևոր խնդիրը, որի մասին խոսեցին Օբաման և Նեթանյահուն, Իրանի միջուկային ծրագրի ու այդ համատեքստում Թեհրանի հետ հարաբերությունների հնարավոր վերականգնման հարցն էր: Թելավիվում համարում են, որ Իրանի աշխարհաքաղաքական ու միջուկային «վտանգները» չեզոքացնելու լավագույն միջոցը Թեհրանի նկատմամբ նոր սանկցիաների կիրառումն է: Մինչդեռ ամերիկյան նոր վարչակազմը գտնում է, որ Իրանի «ծավալապաշտական» քաղաքականությունը կասեցնելու համար անհրաժեշտ է զիջումներ անել պաղեստինցիների նկատմամբ: Այդ զիջումները, գոհացնելով արաբական աշխարհին, կթուլացնեն արաբների ու Իրանի համագործակցությունը: Օբամա-Նեթանյահու հակասությունների երրորդ կարևոր էլեմենտը կարգավորման բանակցությունների ժամանակացույցն է: Նեթանյահուն համարում է, որ խաղաղության հաստատումն այժմ աննպատակահարմար է: Քանի դեռ շարունակվում են ներպաղեստինյան խմբավորումների հակասությունները, որոնք ձեռնտու են Իսրայելին, Նեթանյահուն բանակցությունները ուզում է ձգձգել, մինչդեռ Օբաման աշխատում է հաշտեցնել պաղեստինյան խմբավորումներին:

Չորրորդ հակասությունն Արևմտյան ափում հրեաների վերաբնակեցման ծրագիրն է: Նեթանյահուն կտրականապես դեմ է ամերիկյան վարչակազմի առաջարկին, որ սառեցվի Իսրայելում հրեաների վերաբնակեցման քաղաքականությունը. նրա ղեկավարած կոալիցիոն կառավարության կազմում ազդեցիկ դեր ունեն 67-ի պատերազմից հետո վերաբնակեցվածները, որոնք առաջ են տանում վերաբնակեցման ծրագիրը:

Հինգերորդ և ամենաակնառու հակասությունը Գազայի հատվածին նկատմամբ պարտադրված շրջափակումը վերացնելն է, որի ուղղությամբ աշխատանքներ է տանում Օբաման, և որին դեմ է Նեթանյահուն:

Դեռ ապրիլի 7-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում Օբաման հայտարարեց, որ Իսրայելը ստիպված կլինի կատարել մի քանի դժվարին քայլեր` «ճանապարհային քարտեզին» համապատասխան դադարեցնել Հորդանանի արևմտյան ափում բնակավայրերի շինարարությունը, ապա շրջափակել Գազան, բացել միջանցքները: Նեթանյահուն շարունակում է նախկին վարչակազմի քաղաքականությունը և պնդում, որ «Համաս» շարժման վտարումը Գազայից պետք է ի կատար ածվի ցանկացած գնով:

Համաշխարհային բոլոր կենտրոնները, որ ցանկացել են Մերձավոր արևելքով խաղաղություն հաստատելու քայլեր կատարել, հանդիպել են լուրջ արգելքի. ինչպե՞ս համադրել անվտանգության ապահովման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները:

Ամերիկյան բոլոր վարչակազմերը գիտակցել են, որ այս հակամարտության դետալներին առնչվելիս անպայման պետք է հաշվի առնվի Իսրայելի անվտանգությունը. այդ հանգամանքի անտեսումը գլխացավանք կդառնա որոշումների ընդունման ամերիկյան կենտրոնների համար, որոնց վրա մեծապես ազդում է կազմակերպված հրեական լոբբին: Թեև Իսրայելին, որ շրջապատված է իր անվտանգությանը սպառնացող երկրներով, հաջողվեց վերջին 30 տարիներին չեզոքացնել այդ վտանգի հիմնական օջախներից առաջատարներին` Եգիպտոսին ու Հորդանանին` նրանց հետ կնքելով պատերազմական գործողությունների դադարեցման ու խաղաղության պայմանագրեր: Սակայն մեծագույն մարտահրավերը` սիրիա-իրանական ճակատը, մնում է լուրջ սպառնալիք: Ամերիկյան միլլիարդավոր դոլարների թափանցումը Կահիրե և Աման չօգնեց խաղաղություն հաստատել ամբողջ տարածաշրջանում: Մնացին 2 հիմնական «արգելքներ», որոնք հովանավորում են պաղեստինյան ծայրահեղական խմբավորումներին. Թեհրանում և Դամասկոսում են գտնվում պաղեստինյան Գազայի հատվածում դե ֆակտո իշխանություն հաստատած «Համաս» շարժման և Արևմտյան ափում պաղեստինյան ինքնավարության ղեկավար կուսակցության` «Ֆաթհ»-ի քաղաքական գրասենյակները: Այս հանգամանքն էլ հաշվի առնելով` կարելի է ընդգծել, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումն Իսրայելի և առանձին-առանձին պետությունների միջև չի ստացվի: Համաարաբական վերջին խաղարարար նախաձեռնությունն Իսրայելի հետ 2005-ին էր. Բեյրությում այդ կապակցությամբ ընդունվեց միացյալ հայտարարություն, որի իմաստը հետևյալն էր` Իսրայելը կդադարեցնի վերաբնակեցման քաղաքականությունը պաղեստինյան տարածքներում, կհամաձայնի արաբ փախստականների վերադարձին և Իսրայելի կողքին կընդունի Պաղեստի գոյության իրավունքը: Բոլոր նմանատիպ նախաձեռնություններն արժանացան իսրայելական և՛ աջակողմյան, և՛ ձախակողմյան իշխանությունների դիմադրությանը:

Իսրայելում վաղուց համակերպվել են այն մտքին, որ Պաղեստինի հռչակումն անխուսափելի է: Նույնիսկ Թելավիվի ամենահզոր ռազմավարական գործընկերը` Վաշինգտոնը, մերձավորարևելյան բանակցությունների վաղ շրջանից պնդում էր այդ առաջարկը: Խնդիրն ամբողջությամբ փախստականների հարցին քաղաքական լուծում տալուց խուսափելն է, քանզի դրանով Իսրայելը վերջ կդնի իր գոյությանը` պաղեստինցիները դեմոգրաֆիական առավելությամբ մոտակա 20 տարիներին իսպառ կվերացնեն Իսրայելը:

Նեթանյահուն, որն իր պաշտոնավարման նախկին շրջաններում մշտապես կոշտ դիրքորոշում է ունեցել այս հարցերում, գիտակցում է, թե ինչ հսկայական գումարներ կստանա միջազգային հանրությունից և ԱՄՆ-ից, եթե գնա խաղաղության, սակայն` նույնիսկ ցանկության դեպքում կարգավորումն այժմ անհնար է: Վաշինգտոնյան հանդիպմանը հաջորդեցին Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների կտրուկ հայտարարությունները: Պաշտպանության նախարար Իհուդ Բարաքի հետ հանդիպմանը Նեթանյահուն դարձյալ շեշտեց կարգավորման ամերիկյան սցենարի անհնարինությունը. Բարաքը հայտարարեց, որ վերաբնակեցվածներին իրենց բնակավայրերից դուրս բերելը խաթարում է երկրի անվտանգությունը: Արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանն էլ ընդգծեց, որ 1967-ի սահմաններից ետ քաշվելը պարզապես բարի ցանկություն է, քաղաքականապես ամուլ երազանք: Փաստորեն ստացվում է, որ ԱՄՆ-ը պահանջում է, Իսրայելը` մերժում, իսկ պաղեստինցիները միասնական մոտեցում չունեն հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ:

Դիտվել է 1987 անգամ:
Print Friendly

Leave a Reply