Սիրահարների այգում շարունակվում են մանկական ձմեռային խաղերն ու յուրօրինակ տոնածառերի ցուցադրությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | December 30, 2010 17:32

Ձմեռային Փառատոնի շրջանակներում Սիրահարների այգում արդեն անց են կացվել բազմաթիվ միջոցառումներ` Ամանորյա տոնավաճառ, տոնածառերի ցուցահանդես, հեքիաթասացություն, խաղեր, ձեռքի աշխատանքներ և այլն:

Մինչև հունվարի 6-ը դեռ կշարունակվեն տոնածառերի ցուցադրությունը, մանկական խաղերը:

«Մեզ հետաքրքրում է ոչ միայն այգու շահագործումը, այլ այգին հանրային  տարածք դարձնելու գաղափարը, այգում քաղաքային ավանդույթների ձևավորումը,-ասում է  «Պողոսյան Պարտեզներ» ծրագրի համակարգող Սարհատ Պետրոսյանը:

Դա է պատճառը, որ Սիրահարների այգին գրեթե ամեն սեզոնի հանդես է գալիս համարձակ ու հետաքրքիր նախաձեռնություններով:

Ձմեռային փառատոնն այս տարի շատ հարուստ էր նաև երաժշտական մթնոլորտով: Միջոցառմանը միացել էր նաև «Օրանժ Արմենիան», որն աջակցեց դեկտեմբերի 25-29-ը այգում անցկացվող Երաժշտական օրեր ծրագրին: Այցելուներն այդ օրերին հնարավորություն ունեցան լսելու բարձրաճաշակ ռոք, ջազ, ռեգգի, բլյուզ:

Այգում անցկացվեց նաև փոքրիկ տոնավաճառ, որի ընթացքում մարդիկ հնարավորություն ունեցան գնել հետաքրքիր ամանորյա իրեր` հենց պատրաստողներից:

«Եթե սովորական օրերին այգին ունենում է օրական 400-500 այցելու, ապա այդ օրերին այցելուների թիվը հասավ 3000-ի»,-նշեց Սարհատ Պետրոսյանը:

Փառատոնի շրջանակներում անցկացվեց նաև տոնածառերի մրցույթ, որի գաղափարն, ըստ կազմակերպիչների,էկոլոգիական մշակույթի ձևավորումն է: Դա է պատճառը, որ մրցույթին կարևորվում էր ոչ միայն յուրահատուկ ստեղծագործական մոտեցումը, այլ նաև բնապահպանական ուղղվածությունը:

Մրցույթի մասնակից բոլոր տոնածառերը դեկտեմբերի 25-ից մինչ հունվարի 6-ը կցուցադրվեն Սիրահարների այգում:

«Պողոսյան Պարտեզներ»-ը նաև այգու ձևավորման մրցույթ անցկացրեց, որին մոտ երեսուն գաղափար ներկայացվեց: Ընտրվեց դրանցից յոթը.

«Սրա նպատակը նաև այն է, որ մարդիկ, ովքեր ձմռանը գալիս են այգի, տեսնեն մի բան, որ ամռանը չեն տեսել,-ասաց Սարհատը,-ծառերի և լուսավորության մրցույթներ շատ երկրներում են  անցկացվում, մենք էլ փորձում ենք Հայաստանում այն իրականացնել: Առաջին փորձն է, սակայն հուսով եմ, որ հաջորդ տարիներին ավելի շատ և ավելի ինովացիոն գաղափարներ կներկայացվեն»:

Փառատոնի ամենաակտիվ օրերը թերևս դեկտեմբերի 25-26-ն  էին, որոնց ընթացքում տեղի ունեցան մեծ շքերթը, տոնավաճառը, համերգներն ու ձմեռային խաղերը:

Այս ամենն արդեն ավարտվել է, սակայն Սիրահարների այգին դեռևս զարդարում են հետաքրքիր, ոչ ստանդարտ տոնածառերը, որոնք այգում կմնան մինչև 2011-ի հունվարի 6-ը: ՄԱնուկների համար շարունակվում են նաև ձմեռային խաղերը:

Ձմեռային Փառատոնն անցկացվում է չորրորդ անգամ` «Կանաչաստան» հասարակական կազմակերպության և«Պողոսյան Պարտեզները»-ի նախաձեռնությամբ:

Դիտվել է 1973 անգամ:
Print Friendly

Leave a Reply