Այս գիշեր` ժամը 3-4-ից հանրապետությունում կսկսվեն տեղումներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 30, 2010 14:10

Այս մասին այսօր ասաց «Հայպետհիդրոմետ»-ի օպերատիվ հիդրոօդերեւութաբանության պետ Զարուհի Պետրոսյանը` նշելով, որ լեռնային շրջաններում` 1200-1300 մ բարձրություններից վերեւ, դրանք կլինեն ձյան տեսքով, մայրաքաղաքում, ցածրադիր մասերում սպասվում է անձրեւ, վաղը տեղումներն ընդհատումներով կշարունակվեն:

«Վաղը` ժամը 23:00 – 24:00-ին արդեն կնկատվեն առաջին ձյան փաթիլները, սակայն, քանի որ գիշերային ջերմաստիճանը շատ չի նվազում, բավականին բարձր է, կայուն ձյան ծածկ մայրաքաղաքում եւ հովտային շրջաններում պետք չէ ակնկալել, կարեւորը` կտեսնենք ձյուն մայրաքաղաքում եւ Արարատյան դաշտում»,- ասաց Զ. Պետրոսյանը:

Սյունիքի եւ Տավուշի ցածրադիր մասերի բնակիչները ձյուն չեն կարող ակնկալել. այստեղ տեղումները կլինեն միայն անձրեւի տեսքով: Հունվարի 1-ին` օրվա երկրորդ կեսին, սպասվում է տեղումների դադար: Ամսի 31-ի եւ 1-ի գիշերը ջերմաստիճանը կլինի 0-ին մոտ. 31-ին` դրական շեղումով, 1-ին` բացասական: Հունվարի 2-ի գիշերը սպասվում է ջերմաստիճանի նվազում: Նվազագույն ջերմաստիճանը հովտային շրջաններում, մասնավորապես` Արարատյան դաշտում, կիջնի` մինչեւ 5-6 աստիճան ցուրտ, ցերեկը կլինի 1-2 աստիճան տաքություն:

Լեռնային շրջաններում ջերմաստիճանը կնվազի մինչեւ -17– -18 աստիճան: Հետագա օրերին` մինչեւ հունվարի 6-7-ը, տեղումներ չեն ակնկալվում, սակայն կնկատվի ջերմաստիճանի նվազում: Մինչեւ հունվարի 10-ը Արարատյան դաշտում սպասվում է գիշերը` -10, ցերեկը` +4, +5 ջերմաստիճան: Լեռնային շրջաններում գիշերը սպասվում է -19, ցերեկը` -2, -3:

Ըստ Զ. Պետրոսյանի` 10-12 աստիճան ցուրտը բավական բնութագրական է այս ժամանակաշրջանի համար, ուստի անհանգստանալու կարիք չկա: Մայրաքաղաքում ամանորի նախօրեին սպասվող ձյունը թեեւ ծածկ չի դառնա, սակայն գետնի խոնավության պատճառով կարող է սառցաշերտ դառնալ եւ վտանգավոր լինել երթեւեկության համար: Այդ իսկ պատճառով, օդերեւութաբանը զգուշացնում է ուշադիր լինել թե հետիոտներին, թե վարորդներին:

Դիտվել է 1066 անգամ:
Print Friendly

Leave a Reply