Իրանահայությունը` ծուռ հայելու մատուցմամբ…
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | Անի Գասպարյան | December 30, 2010 1:30
Նախորդ “Իրանական շաբաթ”-վա (ՙREPORT.AM-ի 13 դեկտ.-ի թ.) առթիվ հարգելի կարծիք հայտնողներից երկուսը առաջարկել էին, որ տվյալ սյունակում նաեւ անդրադարձներ լինեն “Իրանահայ շաբաթ”-ին: Շնորհակալություն հայտնելով առաջարկի համար` պետք է ասենք, որ անկախ հաճախականությունից` դա միանգամայն հնարավոր է ու նաեւ ըստ ձեզ` անհրաժեշտ: Այլ հարց, թե դա ինչ ձեւաչափով կը մատուցվի, որն արդեն վերապահված է ”Report”-ի հայեցողությանը:
Իսկ ինչ վերաբերում է հարգարժան Լեւոն Ս.-ի…. “Ինձ մասնավորապես հետաքրքրում է վերջին շաբաթներին “Ազգ” թերթում քննարկվող մի թեմա` կապված Լեւոն Ահարոնյանի “Փոթորկոտ կյանքիս օրերը” պարսկերեն գրքին…”, թույլ տվեք հայտնել, որ մեր կողմից նպատակահարմար համարվող տարբեր թեմաների մասին հրապարակումները առհասարակ հարկ չենք համարում պայմանավորել այս կամ այն լրատվամիջոցի հրապարակմամբ ու մասնավորապես “Ազգ”-ում մատուցված “քննարկումներով”, որոնք բազմաթիվ անգամ ապացուցել են (խոսքը, անշուշտ, իրանահայ համայնքի վերաբերյալ որոշակի հաղորդում-հոդվածների մասին է) նախապաշարմունքների բարդույթով տառապողների շտեմարանը հանդիսանալու “լրատվական առաքելություն”, այն էլ հայաստանյան բարեկիրթ ու գրագետ լսարան-ընթերցողների հաշվին:
Հարգարժան պրն. Լեւոն Ս., ենթակայական չհնչվելու համար` լոկ բավարարվում ենք ասելով, որ “Ազգ”-ը նման հրապարակումներում բազմիցս է փաստել իր ֆունկցիոնալ կոչումին իսկ հակառակ` “ընդդեմ”-ին եւ ոչ թե “հանուն”-ին տուրք տալու հանգամանքը: Ուստիեւ իր էջերում իրանահայությանը վերաբերող (երեք տասնամյակ առաջվայ իրադարձությունների մասին) վերջին առանց այդ էլ հնաոճ ու հնաբոյր հրապարակումներն կարելի է սեպել “Ազգ”-ի երբեմնի ուղեկից, ՀՌԱԿ արդեն նախկին ատենապետ Հ. Առաքելյանի բնութագրմամբ` հերթական “վաշխառուական” պահվածք, անշուշտ, այս անգամ հասարակա-քաղաքական տվայտանքների տեսքով…
Մի խոսքով, “Որտեղ հաց, այնտեղ կաց”-ի օրինաչափությամբ` “Ազգ”-ի պահվածքը բնորոշելի է հետեւյալով.- Որտեղ մաղձոտ հակադաշնակցություն, որտեղ թունոտ հակա-կիլիկիո կաթողիկոսություն եւ վերջին ժամանակներս էլ որտեղ ցինիկ, անգրագետ ու փութկոտ հակա-Ալիք-ականություն, այնտեղ էլ` “Ազգ”-ադավ գրչակներ ու սրանց սփյուռքյան թութակ-արբանյակների լոկ թույն ու մաղձ թափելու մոլուցք…
Ցավալիորեն ենք շարադրում վերոգրյալը. նախ նրա համար, որ Նոր տարին մոտ է ու Ս. Ծննդյան տոնական տրամադրություններին ոչ-համահունչ, ապա այն պատճառով, որ ընդամենը 2-3 ամիս առաջ հայաշխարհի լրատվամիջոցների ներկայացուցիչներս համախմբվել էինք հերոսական Արցախում, այն հեռանկարով, որ միմյանց թիկունք լինելով` քարոզչական հարվածները կենտրոնացնենք ընդհանուր հակառակորդ-թշնամիներին…, բայց երիցս պարզվեց, որ “Ազգ”-այինները երեւի “բարձր ու ինքնանպատակ պրոֆեսիոնալիզմից” մղված` դա հասկանում են իրանահայ հինավուրց ու ամենահայաստանամերձ եւ, այո, շատ թերություններով հանդերձ կենսունակ եւ համախումբ ու միասնական համայնքը ծուռ հայելու (այն էլ վաղուց սպառված, ժամկետանց ու փտած մտայնությունների վերարտադրմամբ) մեջ ներկայացնելու ամբոխահաճ սենսացիաներով:
Ու այստեղ լռելը (այս կարկի լրատվության ու այդպիսիների նկատմամբ մշտապես պահպանել ենք լռությունը), մեղմ ասած, ճիշտ չեր ընկալվի, մանավանդ նման թեմաներում անընդհատ ապատեղեկատվության չարաշահման ենթակա հայաստանյան գիտակից ու հարգելի հասարակայնության կողմից:
* * *
Գալով նույն սյունակում լուսաբանություն պահանջող մյուս հարգելի ընթերցողի մատնանշած “Թեհրանում բռնությունների ենթարկված հայ աղջկա ճակատագրի” մասին, պետք է հայտնենք, որ
1- Դեպքը պատահել է Նոր Ջուղայում (Սպահան)…
2-ՙԼրատվությունը, թեպետ հղումով (NCR-IRAN.ORG), բայց շրջանառության մեջ էր դրել NEWS.am կայքը, բոլորովին անհամապատասխան իրականությանը, քանզի հայ պարմանուհին ոչ թե “անպատշաճ” հագուստի, այլ իր պայուսակը հափշտակելու համար էր հարձակման ենթարկվել. իսկ քաշքշուկներից հետո նրան օգնության են հասել տեղում ականատես հայ, թե պարսիկ հայրենակիցներն ու խնդիրն այդպիսով ավարտվել:
3- Սույն հապճեպ լրատվության առավել խոցելի կողմը կայանում է օգտագործված նկարում, որը վերաբերում էր 2009 թ. Իրանի նախագահական ընտրությունների միջադեպերից մեկին:
4- Բարեբախտաբար, “Ալիք”-ի արագ արձագանքման արդյունքում` NEWS.am-ը հերքեց ու սրբագրեց այդ լրատվությունը:
“ԱԼԻՔ” ՕՐԱԹԵՐԹԻ
ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
