www.yerevan.am կայքում իրականացվում են որոշակի փոփոխություններ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 29, 2010 20:58

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատանքներն ավելի թափանցիկ դարձնելու նպատակով քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային www.yerevan.am կայքում իրականացվում են որոշակի փոփոխություններ: Պաշտոնական կայքում տեղադրվել են բնակչության լայն զանգվածներին առնչվող գործառույթներին վերաբերող նորություններ:
Այսուհետ բնակիչը, այցելելով քաղաքապետարանի պաշտոնական կայք, գլխավոր էջից մուտք գործելով <<Մեկ պատուհան>> բաժին, հնարավորություն ունի տեղեկանալու քաղաքապետարանին և վարչական շրջանների աշխատակազմերին ուղղվող դիմումների օրինակելի ձևերին, ինչպես նաև այդ դիմումների քննարկման ընթացակարգերին: Բնակիչը, մասնավորապես, կարող է ծանոթանալ ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման, նախագծերի համաձայնեցման, շինարարության և քանդման թույլտվության, ինչպես նաև շինարարության շահագործման փաստագրման ակտի տրամադրման կարգին, դիմումների և հայտերի ձևերին, դրանց կցվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին: Քաղաքացին հնարավորություն ունի ծանոթանալու նաև շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոխելու, հասցեների տրամադրման համար անհրաժեշտ ընթացակարգին, դիմումի ձևերին, ինչպես նաև կցվող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ցանկին: Միաժամանակ բնակիչը հնարավորություն ունի ծանոթանալու նաև նշված գործառույթների իրականացման համար հիմք հանդիսացող օրենսդրական ողջ փաթեթին: Հստակ արձանագրված են նաև բոլոր դիմումների քննարկման և դրանց պատասխանների տրամադրման համար սահմանված ժամկետները:
Կայքի գլխավոր էջում տեղեկատվություն է տեղադրված նաև <<Մեկ պատուհան>> ծրագրի շրջանակներում գործող <<Թեժ գծի>> վերաբերյալ: Աշխատանքային բոլոր օրերին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ն, զանգահարելով 514-152 և 514-187 հեռախոսահամարներով, բնակիչները կարող են հաղորդել ցանկացած տեղեկատվություն իրենց գրությունների և դիմումների կատարման ժամկետների խախտումների, ինչպես նաև տեղ գտած այլ թերությունների վերաբերյալ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 2428 անգամ:
Print Friendly

Leave a Reply