Հանրային խորհուրդ. առաջիկա 10 տարիներին Ղարաբաղի հարցի շուրջ իրավիճակը չի փոխվելու

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 29, 2009 19:52

vazgen-manukyan1«Տարածքների ցանկացած զիջումը Հայաստանի կողմից կմոտեցնի հայ-ադրբեջանական պատերազմը: Քանի դեռ Ադրբեջանը Ղարաբաղն իր կազմից դուրս չի տեսնում, զիջումների մասին խոսելն անիմաստ է»,- այսօր Հանրային Խորհրդի (ՀԽ) 4-րդ նիստին ասաց ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը` ամփոփելով  հուլիսի 23-ին պատվիրակության 1-ին այցը Լեռնային Ղարաբաղ:

Մանուկյանի խոսքով`մոտակա 10 տարիների ընթացքում Ղարաբաղի հարցի շուրջ իրավիճակը չի փոխվելու, և պետք է մշակել ՀՀ-ԼՂՀ ռազմավարական համագործակցության երկարաժամկետ հայեցակարգ»:

ՀԽ-ն որոշեց հայեցակարգի նախնական հռչակագիրը ներկայացնել հաջորդ` 5-րդ նիստին, որը հիմք կդառնա ամբողջական փաստաթղթի մշակման համար:

ՀԽ-ն նաև արձանագրեց, որ Ղարաբաղի կյանքն ու առօրյան դուրս են մնացել հայաստանյան լրատվամիջոցների ուշադրությունից: «Հայաստանյան հասարակությունն ավելի տեղյակ է Լոս-Անջելեսի, Փարիզի առօրյայից, քան Ղարաբաղի»,- ասաց ՀԽ անդամ Խոսրով Հարությունյանը` հավելելով, որ մամուլի ուշադրությունը կենտրոնացած է միայն այն հարցի վրա, թե արդյո՞ք կլինի տարածքների զիջում կամ կվերսկսի պատերազմը:

Ադրբեջանը, ինչպես նշեց ՀԽ-ն, վերջերս նաև միջազգային ասպարեզում է սկսել ռազմատենչ հայտարարություններ անել. նման պարագայում հարցի խաղաղ կարգավորման բանաձև չի կարող ընդունվել. «Միջազգային հանրությունը պետք է վերահսկի, որ բանակցող երկու կողմերն էլ ունենան ռազմական հավասար ներուժ, որը և երաշխիք կդառնա խաղաղ համագործակցության»,-ասաց Հարությունյանը:

ՀԽ-ն անդրադարձավ  նաև ազատագրված տարածքների բնակեցման հարցին: «Մենք 15 տարի ժամանակ ենք ունեցել այդ տարածքները բնակեցնելու համար, սակայն չենք օգտվել այդ հնարավորությունից»,- ասաց ՀԽ անդամ, պատմաբան Բաբկեն Հարությունյանը:

Քննարկվեց նաև նիստերի հետագա ընթացքը և օրակարգը: Նիստերը տեղի են ունենալու ամեն ամսի 1-ին չորեքշաբթի օրերին, իսկ 2-րդ չորեքշաբթի օրերին ՀԽ-ն կհանդիպի հանրապետության նախագահի հետ և կներկայացնի հրատապ խնդիրները:

Որոշվեց նաև, որ ՀԽ-ի գործունեության սկիզբ կհամարվի սեպտեմբերը, ոչ թե ՀԽ-ն ստեղծելու մասին նախագահի հրամանագրի օրը: Ըստ այդմ` ՀԽ-ն հանրությանը գործունեության մասին տարեկան հաշվետվություն կներկայացնի սեպտեմբերից հետո:

Սեպտեմբերին կհրապարակվի նաև ՀԽ-ի օրակարգն այս տարվա համար: Հանձնաժողովները կներկայացնեն, թե որ նիստին ինչ հարցեր են ներկայացնելու ՀԽ-ի քննարկմանը. այդպիսով կորոշվի օրակարգը, ինչը,  սակայն, կարող է փոփոխությունների ենթարկվել, եթե հանրային նշանակություն ունեցող հրատապ հարցեր առաջանան: «Հանձնաժողովները պետք է փաստեն, որ քննարկման ներկայացվող հարցերն իսկապես հասարակական նշանակություն ունեն»,- ասաց Հարությունյանը` բացատրելով, որ այդպիսով կխուսափեն անհատներին կամ հանրության նեղ շրջանակներին հուզող խնդիրները քննարկելուց:

Դիտվել է 1389 անգամ:
Print Friendly

Leave a Reply