Պայմանավորվածությունները կյանքի են կոչվում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | December 29, 2010 16:08

Հոկտեմբերի 25-26-ը ՀՀ վարչապետի` Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև կրթության, գիտության և տեխնոլոգիայի բնագավառներում համագործակցության մասին 2010-2013 տարիների համար Գործնական ծրագիր էր ստորագրվել` ի դեմս ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Քամրան Դանեշջուի:

Համաձայն Գործնական ծրագրի 19-րդ հոդվածի` կողմերը համաձայնության էին եկել ՀՀ բուհերի գիտական մակարդակն ուսումնասիրելու նպատակով մոտ ապագայում ՀՀ գործուղել ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարության պատվիրակությանը, որպեսզի իրանական կողմը համապատասխան քայլեր ձեռնարկի Հայաստանի որոշ բուհերի դիպլոմների ճանաչման ուղղությամբ: Համաձայն պայմանավորվածության` դեկտեմբերի 28-30-ը աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում ԻԻՀ բարձրագույն կրթության, գիտության և տեխնոլոգիաների նախարարության պատվիրակությունը` ԻԻՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարի ուսանողական հարցերով տեղակալ Մահմուդ Մոլլաբաշիի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են` ԻԻՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարի տեղակալ և միջազգային գիտական համագործակցությունների կենտրոնի տնօրեն Արսալան Ղորբանի Շեյխնեշինը, սովորողների գործերի գլխավոր վարչության պետ Մոհամմադ Հոսեյն Մաջլեսարան, Միջազգային համագործակցությունների կենտրոնի ԱՊՀ երկրների փորձագետ Դավուդ Աբբասին և Առողջապահության և բժշկական կրթության նախարարության կրթական ծառայությունների կենտրոնի տնօրեն Ահմադ Ջոնեյդին:
Պաշտոնական այցի շրջանակում այսօր ԻԻՀ պատվիրակությանն ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով, ողջունելով հյուրերին, նշել է, որ  այցի ընթացքում նախատեսվում է բավականին հագեցած ծրագիր և հույս հայտնել, որ այն ամբողջությամբ կյանքի կկոչվի: Նախարարը շնորհակալություն է հայտնել իրանական կողմին` այս տարվա ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած երկու այցելության համար` նշելով, որ ՀՀ վարչապետի այցի ընթացքում ստորագրվել է կրթական համագործակցության Գործնական ծրագիր: “Այս տարին շատ արգասաբեր է եղել հայ-իրանական կրթագիտական կապերի խորացման տեսանկյունից, որովհետև երկու այցելությունները  թույլ են տվել հաստատել ոչ միայն մարդկային, աշխատանքային, գործընկերային հարաբերություններ, այլ իրականում բարձրաձայնել խնդիրներ, ուրվագծել հեռանկարներ, ստորագրել փաստաթղթեր: Մեկ տարվա ընթացքում մենք արձանագրել ենք հսկայական արդյունքներ, բայց երկուստեք ակնկալիքներն ավելի մեծ են: Ես հուսով եմ, որ այս այցը ևս կնպաստի և լավ հիմք կհանդիսանա նոր գաղափարների և ծրագրերի կյանքի կոչման համար”,-նշել է Ա. Աշոտյանը:
ԻԻՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարի ուսանողական հարցերով տեղակալ Մահմուդ Մոլլաբաշին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Ա. Աշոտյանին է փոխանցել նախարարի ողջույնները` նշելով, որ, իրոք, վերջին մեկ տարվա ընթացքում երկու կողմերի միջև ձևավորվել են կրթագիտական լավ հարաբերություններ և հույս հայտնել, որ դրանք շարունակական կլինեն: Որպես համագործակցության հիմնական առանցք` փոխնախարարը նշել է  ասպիրանտական կրթությունը` ներկայացնելով ԻԻՀ-ում ասպիրանտուրայի ընդունելության կարգը և ասպիրանտներին ներկայացվող պահանջները` նշված կրթության միջազգային չափանիշներին համապատասխանության, մասնավորապես, օտար լեզվի տիրապետման, համաշխարհային գիտական աղբյուրներից օգտվելու, գիտական թեզի պաշտպանության  տեսանկյունից:

Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ նման պահանջներ կդրսևորվեն նաև ՀՀ գիտակրթական հաստատություններ ասպիրանտուրա ընդունվել ցանկացող ԻԻՀ ուսանողների նկատմամբ: Փոխնախարարը նաև մատնանշել է, որ որոշ իրանցի ուսանողներ, ովքեր բժշկական կրթություն են ստացել Հայաստանի ոչ պետական բուհերում, ոչ միայն չունեն անհրաժեշտ գիտելիքներ, այլև, ըստ ուսումնասիրությունների, կարճ ժամանակահատված են գտնվել Հայաստանում: Պատվիրակության անդամները միաժամանակ բարձր են գնահատել Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի իրանցի շրջանավարտների մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները:
Անդրադառնալով ՀՀ բուհերում օտարերկրյա ուսանողների խնդրին` Ա. Աշոտյանը նշել է, որ վերջիններս Հայաստանի կրթական համակարգի կարևոր բաղադրիչ են, և հայկական կողմը շահագրգիռ է ՀՀ-ում օտարերկրյա ուսանողների թվաքանակի ավելացմամբ: Այդ ուղղությամբ, ըստ նախարարի, վերջին տարիներին իրականացվել  են մի շարք քայլեր, մասնավորապես, նոր թափ են առել բարեփոխումները ՀՀ բարձրագույն կրթության համակարգում` վերջինս միջազգային կրթական տարածքում առավել մրցունակ դարձնելու ուղղությամբ: Այդ համատեքստում խստացվել է կրթության որակի հսկողությունը ոչ պետական բուհերի համակարգում. վերջին երեք տարիների ընթացքում կասեցվել է շուրջ 25 բուհի լիցենզիայի գործողություն, արգելվել է օտար լեզվով բժշկական կրթության դասավանդումը ոչ պետական բուհերում:

Բացի այդ, բարձրագույն ուսումնական հաստատություններում խստացվել են կարգապահական կանոնները, որոնց արդյունքում բազմաթիվ ուսանողներ, այդ թվում նաև շուրջ 150 իրանցի, դուրս են մնացել կրթական գործընթացից: Ըստ նախարարի` վերջին մեկ տարվա ընթացքում լուրջ բարեփոխումներ են իրականացվել նաև ասպիրանտական կրթության ուղղությամբ, մասնավորապես, խստացվել են ասպիրանտուրայում օտար լեզվի իմացության պահանջները, ասպիրանտուրայում` որպես կրթական երրորդ աստիճան, այս տարվանից ներդրվել է կրեդիտային համակարգ, ինչպես նաև խստացում է տեղի ունեցել գիտական թեզերի պաշտպանության պահանջների խնդրում` նախապաշտպանության մեխանիզմների հստակեցման և խորհուրդների ձևավորման տեսանկյունից: Ա. Աշոտյանը նշել է, որ ասպիրանտական կրթության ուղղությամբ իրականացվող վերոնշյալ մոտեցումները կարելի է տարածել նաև օտարերկրացի ուսանողների վրա: Անդրադառնալով ՀՀ մի շարք բուհերի դիպլոմների իրանական կողմի ճանաչման խնդրին` նախարարը նշել է, որ դրանք վերաբերում են ընդամենը երեք բուհի` Երևանի պետական, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարաններին: Ա. Աշոտյանն ընդգծել է, որ խնդրի լուծման նպատակով վերջին մեկ տարվա ընթացքում կատարվել են որոշակի և հստակ քայլեր` հույս հայտնելով, որ մինչև առաջիկա ընդունելության քննություններ նշված խնդիրը հանգուցալուծված կլինի:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու երկրների մայր բուհերում համապատասխանաբար իսլամագիտության և հայագիտության կենտրոններ հիմնելու հնարավորությանը:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ստեղծել աշխատանքային խումբ` քննարկելու բոլոր առկա խնդիրները և համապատասխան առաջարկություններ ներկայացնելու երկու երկրների կառավարություններին:
Նույն օրը ԻԻՀ պատվիրակությունը կայցելի Երևանի պետական համալսարան և շրջայց կկատարի ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում: Այնուհետև նախատեսվում է ԻԻՀ պատվիրակության այցը Երևանի պետական բժշկական և Վ, Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարաններ ու Հայաստանի պետական ագրարային համալսարան:
Այցի հաջորդ օրը` դեկտեմբերի 30-ին, ԻԻՀ պատվիրակությունը հանդիպումներ կունենա Հայաստանի պետական ճարտարագիտական, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական, Հայ-Ռուսական /Սլավոնական/ համալսարաններում, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում, ինչպես նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում: Այցի ընթացքում նախատեսվում է պատվիրակության հանդիպում ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող ԻԻՀ քաղաքացի ուսանողների հետ:

Դիտվել է 1284 անգամ:
Print Friendly

Leave a Reply