Մի փոքրիկ ուղղում ՝ Մհեր Ենոքյանի գործում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | December 29, 2010 15:51

Օրերս Էրեբունի և Նուբարաշենի համյանքների ընդհանուր իրավասության դատարանում բավարարվել է Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանի հայցն առ այն, որ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի գործում հայտնվել է իրականության չհամապատասխանող մի տեղեկանք:

2009թ. նոյեմբերի 29-ին կատարած Ենոքյանի  երկրորդ փախուստի կապակցությամբ հարուցված քրեական գործում առկա տեղեկանքում նշվում էր, թե ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 11.08.2006 թ. որոշմամբ՝  Ենոքյանի 1996թ. դատավճռով կատարված արարքը համապատասխանեցվել է 2003թ. ընդունված ՔՐ մի քանի հոդվածների, համաձայն որոնց, Ենոքյանը դատապարտվել երկու և ավելի անձանց սպանության, սպանություն՝ այլ հանցանքը թաքցնելու կամ հանցանքը հեշտացնելու համար, ավազակություն՝ բնակարան, պահեստ կամ այլ շինություն մուտք գործելու միջոցով:

Այս փաստերը  ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը , այլև այդպիսի փաստեր չկան 1996թ. կայացված դատավճռի քրեական գործի մեջ:

Մհեր Ենոքյանն ու իր փաստաբան Ռոբերտ Ռևազյանը դիմել են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան և Նուբարաշեն ՔԿՀ՝ ստանալու համար այդ տեղեկանքի մասին օրինակը:

Այդ մասին «Անկախին»  ասաց Ենոքյանի փաստաբան Ռևազյանը: «Եվ Սյունքի դատարանից, և Նուբարաշեն ՔԿՀ-ից  պատասխան է ստացվել, որ Ենոքյանի անձնական գործում նման որոշում չկա,- ասաց նա,- մենք դիմեցինք Էրեբունու դատարան և հայցը բավարարվեց, տեղեկանքը կհանվի դատական գործից»:

Ի՞նչ կարող է փոխել այս որոշումը Ենոքյանի հետագա դատական գործում:  Ռևազյանն ասում է, որ որոշումը որևէ ազդեցություն չի կարող ունենալ 1996թ. կայացած վճռի վրա, որի վերանայումը մերժվում է այն պատռառաբանությամբ, որ չկան դատական գործու ի հայտ եկած նոր հանգամանքներ: «Բայց եթե տեղեկանքը մնար՝ հետագայում այն կարող էր ինչ-ինչ հետևանքներ ունենալ,- մեկնաբանում է Ռևազյանը,- բացի այդ, եթե հետագայում դատավճիռը վերանայելու հարց լինի, այդ տեղեկանքը կարող էր լրացուցիչ խնդիրներ առաջացնել»:

Մհեր Ենոքյանը վերջերս երկարաշունչ նամակ է հղել «Lragir.am» կայքին՝ «Ես մարդ չեմ սպանել» վերնագրով, որտեղ հանրության հետ կիսվել է  իր դատավճռի, դրա հետագա ընթացքի ու Հայաստանի արդարադատության համակարգի մասին ունեցած մտքերի մասին:

«Անկախ» թերթը շնորհավորում է  Մհեր Ենոքյանին Նոր տարվա կապակցությամբ  ու մաղթում տոկունություն և ուժեղ կամք:

Մհեր Ենոքյանի փախուստի և դատավարության մասին կարելի է կարդալ այստեղ, այստեղ և այստեղ

Դիտվել է 2911 անգամ:
Print Friendly

Leave a Reply