Մուտքերի ծրագրված ցուցանիշը ՊԵԿ-ը գերակատարել է շուրջ 20 մլրդ , իսկ նախորդ տարվանը` շուրջ 70 մլրդ դրամով, պարտադիր սոցիալական վճարների մասով ևս գերակատարում է արձանագրվել շուրջ կես մլրդ դրամի չափով. Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է տարին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 29, 2010 14:08

2011 թվականին ՊԵԿ-ի գերակա խնդիրներից է լինելու հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացումը

Անցնող հետճգնաժամային տարում Պետական եկամուտների կոմիտեի գլխավոր խնդիրն է եղել բյուջետային մուտքերի անհրաժեշտ մակարդակի ապահովումը, ինչը հաջողվել է իրականացնել. “Պետական եկամուտների կոմիտեն տարին ամփոփել է` ապահովելով շուրջ 590 մլրդ դրամի հարկային եկամուտներ, ինչը ծրագրած ցուցանիշը գերազանցում է շուրջ 20 մլրդ դրամով: Համեմատության համար հարկ է նշել, որ 2010թ. հարկային եկամուտները գերազանցել են 2009թ. ցուցանիշը` շուրջ 70 մլրդ. դրամով: Ինչ վերաբերում է պարտադիր սոցիալական վճարներին, ապա այս մասով ևս գերակատարում է արձանագրվել շուրջ 500 մլն. դրամով` ապահովելով շուրջ 105 մլրդ դրամ եկամուտներ, ինչը 2009թ. ցուցանիշն գերազանցել է 2.5 մլրդ դրամով կամ 2.5 %-ով”,- տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում լրագրողներին հայտնել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը:

Ըստ Կոմիտեի ղեկավարի` բյուջետային մուտքերը հիմնականում ապահովվել են խոշոր հարկ վճարողների հաշվին. “Երեք հազար հարկ վճարող ապահովել է մուտքերի 80%-ը: Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից սպասարկվող 325 հարկ վճարողներն ապահովել են մուտքերի շուրջ 50%-ը, ասել է թե` հարկային հիմնական բեռը ոչ թե փոքր և միջին ձեռնարկատերերի, այլ խոշոր հարկատուների վրա է դրված եղել”:

Գագիկ Խաչատրյանը առանձնացրել է նաև այն փաստը, որ ծրագրային ցուցանիշների գերակատարումն ուղեկցվել է գերավճարների աճի տեմպի էական նվազեցմամբ: Վերջին երկու տարիներին ՊԵԿ-ին հաջողվել է զսպել նախորդ տարիներին օրինաչափություն դարձած գերավճարների աճի տեմպը. «2010 թվականին կունենանք մոտ 8 մլրդ դրամի գերավճար, ինչն ընդամենը սահմանին մուծված ԱԱՀ-ի գերավճարներն են, որոնք “գերավճար” անվանել այնքան էլ ճիշտ չէ. հետճգնաժամային տարում աճել են ապրանքների ներմուծման և ՀՀ տարածքում ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման ծավալները, ինչի պարագայում մինչև ապրանքների իրացումը ՀՀ մաքսային սահմանին և ՀՀ մատակարարներին վճարված ԱԱՀ գումարները շարունակում են հաշվառվել որպես գերավճարներ”:

Գագիկ Խաչատրյանը կարևորել է նաև ՊԵԿ-ում էլեկտրոնային ծառայությունների համակարգի ներդրման ուղղությամբ իրականցված աշխատանքները, որոնց արդյունքում շուրջ 4000 հաշվետվություններ ընդունվել են էլեկտրոնային եղանակով, թեպետ, կոմիտեի նախագահի խոսքով, դա դեռևս բավարար ցուցանիշ չէ:

Ինչ վերաբերում է 2011 թվականի առաջնահերթություններին, ապա ըստ Գագիկ Խաչատրյանի` գալիք տարվա համար գերակա խնդիր է սահմանվել մաքսային ձևակերպումների ժամանակահատվածի կրճատումը: Այդ նպատակով նախատեսվում է ներդնել`

• մաքսային հայտարարագրի վճարման էլեկտրոնային համակարգ

• մաքսային ձևակերպումների առանձին փուլերի էլեկտրոնային հաշվառում

• մաքսային մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և հսկողության համակարգ:

Մաքսային ձևակերպումների ժամանակահատվածի կրճատմանը կնպաստեն նաև սահմանային անցման կետերի արդիականացումն ու եվրոպական չափանիշերին համապատասխանեցումը, ինչի ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են:

ՊԵԿ նախագահը առանձնացրել է նաև այն հանգամանքը, որ 2010թ.-ին, նախորդ տարվա համեմատ, 1509-ով նվազել է հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների ընդհանուր քանակը: Այն կազմել է 29029` նախկին 30538-ի փոխարեն (այդ թվում 226-ով նվազել են բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները` կազմելով 2152` նախկին 2378-ի փոխարեն): Տարվա ընթացքում ստուգումների արդյունքում հայտնաբերված լրացուցիչ գումարները կազմել են 28,6 մլրդ. դրամ:


Դիտվել է 1114 անգամ:
Print Friendly

Leave a Reply