2010թ. դեկտեմբերի 28-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի մոտ ավանդական մամուլի ասուլիսի էին հրավիրվել Արցախում գործող զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 28, 2010 20:55

Ներածական խոսքում ամփոփելով բանակային համեմատաբար բարդ 2010 թվականի արդյունքները, գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանը անդրադարձ կատարեց ինչպես արձանագրված ձեռքբերումների, այնպես էլ անցանկալի երևույթների ու թերացումների վրա: Անցած տարվա ընթացքում բանակի հրամանատարի կարծիքով բավականին լուրջ աշխատանքներ են կատարվել առաջնային գծի ինժեներական արգելափակոցների համակարգի կատարելագործման, մարտական հերթապահության արդյունավետության բարձրացման և հակառակորդին զսպելու ուղղությամբ: Նախորդ տարիների համեմատ, աճել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, սակայն դրանք ոչնչով չեն ազդել բանակի կողմից իրականացվող խնդիրների վրա, և արժանացել են համարժեք պատասխանների:
2010 թվականին բանակում իրականացվել են բավականին լուրջ աշխատանքներ, որոնք նպատակ են ունեցել բարձրացնել զինանձնակազմի մարտական պատրաստականությունը, կատարելագործել ղեկավարման համակարգը, զորատեսակների և ստորաբաժանումների ներդաշնակ գործելու ունակությունները: Դրանք իրենց լավագույն արտահայտությունն են գտել հատկապես մարտավարական զորավարժության ժամանակ, որն աննախադեպ էր ինչպես իր մասշտաբներով, այնպես էլ առաջադրված խնդիրների բարդությամբ:
ՊԲ հրամանատարը խոսեց նաև ԼՂՀ զոհված ազատամարտիկների, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանվածությանն ուղղված աշխատանքների, կապիտալ շինարարության որակի և ծավալների մասին` նշելով, որ դրանք կատարվել են արդի չափորոշիչներին համահունչ և այսուհետ ևս կշարունակվեն նույն մակարդակով:
Բանակի հրամանատարը նշեց, որ զգալի աշխատանքներ են իրականացվել բանակը զինվորական բարձրագույն կրթությամբ սպաներով համալրելու, առկա սպայակազմի մասնագիտական վերապատրաստման ոլորտներում ընդհանուր առմամբ շոշափելի աճ է արձանագրվել հրամկազմի երիտասարդացման ուղղությամբ:
Պաշտպանության նախարարը խոսեց նաև հասարակական հնչեղություն ստացած մի շարք դատապարտելի երևույթների մասին, որոնք 2010 թվականի ընթացքում տեղ են գտել ՊԲ-ում` հավաստիացնելով լրագրողներին, որ մեղավորներն արդեն պատժվել են և հետևողական քայլեր են ձեռնարկվում նման դեպքերը այսուհետ բացառելու ուղղությամբ:
Մովսես Հակոբյանը փաստեց, որ 2010-ին աննախադեպ աճ է գրանցվել նաև բանակը մեծ քանակությամբ ռազմական տեխնիկայով համալրելու, նոր զորամասերի և ստորաբաժանումների ստեղծման ուղղությամբ, ինչի արդյունքում անհամեմատ մեծացել է բանակի ռազմական ներուժը: Ի դեպ այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցները 2011 թվականին նույնպես կլինեն առաջնային և միտված հակառակորդի կողմից ակնկալվող ցանկացած ծավալի և բնույթի հարվածների բացառմանը:
Լրագրողները հնարավորություն ունեցան տարբեր բնույթի հարցերով դիմելու պաշտպանության նախարարին: Ասենք, որ հնչած հարցերը առնչվում էին բանակի մարտունակության իրական աստիճանին, զինանձնակազմի պատրաստությանն ու կենցաղային պայմաններին, Արցախի շուրջ ընթացող քաղաքական և ռազմական զարգացումներին, զինծառայողների սոցիալական և իրավական պաշտպանվածությանը:

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Դիտվել է 1029 անգամ:
Print Friendly

Leave a Reply