Քուրդ առաջնորդը դատապարտվել է 15 ամսվա ազատազրկման` Աբդուլլահ Օջալանին փառաբանելու համար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 29, 2009 18:17
Լեյլա Զանան, ով առաջին քուրդ կին պատգամավորն էր Թուրքիայի Ազգային մեծ ժողովում, կրկին դատապարտվել է 15 ամսվա ազատազրկման: Դիարբեքիրի դատարանը նրան մեղադրել է Քրդստանի բանվորական կուսակցության (որն ահաբեկչական է համարվում Թուրքիայում) և նրա ղեկավարի օգտին հայտարարություններ անելու համար: Ելույթ ունենալով Լոնդոնի համալսարաններից մեկում` Զանան ասել էր, որ «ՔԲԿ-ն ու նրա ցմահ առաջնորդ Աբդուլլահ Օջալանն այնքան անհրաժեշտ են քրդերին, որքան ուղեղն ու հոգին` մարդու համար»:
Դատարանը համարել է, որ Զանայի հայտարարությունը հնչել է ի նպաստ ահաբեկչական կազմակերպության: Մեղադրող կողմը պահանջել է 5 տարվա ազատազրկման դատապարտել քուրդ գործչին, իսկ Զանայի փաստաբանները հայտարարել են դատարանի որոշումը բողոքարկելու մասին:
Լեյլա Զանան համարվում է Թուրքիայում քրդերի դատի քաղաքական առաջնորդը. թուրքական ֆեմիդան նրան բազմիցս դատապարտել է ազատազրկման, իսկ անցած դարի 90-ականներին նա համարվում էր Անկարայի համար 2-րդ թիրախը Օջալանից հետո: Նա խորհրդարանի անդամ է ընտրվել 1991-ին, եղել է Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածու: 1994-ին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, սակայն ազատ է արձակվել 2004-ին:






Facebook
Tweet This
Email This Post
