Ընտրարշավ. մրցում են դեմքեր ծրագրերի փոխարեն

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | May 29, 2009 10:59

mhm41646-copy-1mhm41686-copy-1mhm41753-copy-1

Երևանի շարքային քաղաքացին, որ գնալու է ընտրության, քվեարկելիս ոչ թե նայելու է քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերին, այլ` թե որ ուժն իրենից ինչ է ներկայացնում: Այս համոզմունքն է հայտնում քաղաքագետ Երվանդ Բոզոյանը. «Ցավոք, մարդկանց քաղաքական կողմնորոշիչները լինելու են ոչ թե ծրագրերը, այլ քաղաքական դիմապատկերները»,-ասում է Երվանդ Բոզոյանը:

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար, տնտեսագետ Անդրանիկ Թևանյանն էլ կարծում է, որ մրցակցում են ոչ թե ծրագրերը, այլ ուրիշ մեխանիզմներ` ասֆալտապատում, կանաչապատում և այլն:

«Քաղաքական քարոզչությունն ընթացավ թաղային մակարդակով, և ուժերից ոչ մեկն էլ չկարողացավ հասարակական ակտիվություն առաջացնել»,- ասում է Անդրանիկ Թևանյանը:

Ըստ Երվանդ Բոզոյանի` իշխանությունը` ի դեմս Հանրապետականի, չի թաքցնում, որ օգտագործում է բոլոր լծակները` քաղաքային իշխանությունը ևս իր ձեռքն առնելու համար:

Նա ասում է, որ լեգիտիմության պատրանք ստեղծելու համար Հանրապետականը բոլոր բակերում, մուտքերում վերանորոգումներ կատարում, «որ հետագայում ասեն` տեսեք մենք այդ բարենորոգումները կատարեցինք, դրա համար էլ ժողովուրդը մեզ ձայն տվեց»:
«Քեզ համար Երևան» կարգախոսով առաջնորդվող Հայաստանի Հանրապետական կուսակցության 176 հոգանոց ցուցակի 1-ին համարը գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն է, 2-րդը` հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին է` Ավան համայնքի թաղապետ Տարոն Մարգարյանը:

Ընդդիմության համար սա ոչ թե հասարակ քաղաքապետի ընտրություններ են, այլ նախագահական ընտրությունների շարունակությունը. այդ մասին է վկայում Հայ ազգային կոնգրեսի` «Փոխենք Հայաստանը, սկսենք Երևանից» կարգախոսը: «Այսինքն` այստեղ էլ առանձնապես ծրագիր չկա, ընդդիմությունն ուղղակի փորձելու է այս պաշտոնը տրամպլին դարձնել` հետագայում իշխանության հասնելու համար»,- ասում է Բոզոյանը:

ՀԱԿ-ի 164 հոգանոց ցուցակը գլխավորում է Լևոն Տեր – Պետրոսյանը, 2-րդը ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն է:
Քաղաքագետի համոզմամբ «Բարգավաճ Հայաստանը», լինելով ո՛չ ընդդիմություն, ո՛չ էլ լիակատար իշխանություն, փորձելու է այդ երկուսի արանքում ճողոպրել. «Նրանք որևէ մեկին չեն փնովում, վատ բան չեն ուզում ասել, բայց համոզում են, թե մենք լավ տղերք ենք, մեզ ընտրեք»:

Բարգավաճի 119 հոգանոց ցուցակը գլխավորում է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, 2-րդը ԱԺ պատգամավոր Մխիթար Մնացականյանն է:

Նոր ընդդիմություն դարձած Դաշնակցությունն ընտրողներին ներկայանում է «Սա Երևանն է, այստեղ դու տանն ես» կարգախոսով: Կուսակցության 50 հոգանոց ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, 2-րդը ճարտարապետ, պարսկահայ Ալբեր Աջեմյանն է:

Բոզոյանը ասում է, որ ՀՅԴ-ն փորձում է ապահովել իր էլեկտորատը` խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին:
«Օրինաց Երկիր» կուսակցությունը, ըստ Բոզոյանի, անկում ապրող քաղաքական ուժ է, և նրանց շանսերն այնքան էլ մեծ չեն: Այդ պատճառով էլ կուսակցության ցուցակը գլխավորում է կին` Հեղինե Բիշարյանը` գոնե կանանց ձայները ստանալու համար:

«Վեհ քաղաքին` վեհ մոտեցում» կարգախոսը, ճաշարաններ բացելու և քաղաքապետարանի աշխատակիցներին աշխատանքից չազատելու խոստումները Ժողովրդական կուսակցությանն ու նրա ղեկավար Տիգրան Կարապետյանին չեն օգնի հաղթահարել 7 տոկոսի արգելքը: Բոզոյանն ասում է, որ Ժողովրդական կուսակցությունն ու Հայ ազգային սոցիալիստական կուսակցությունը շանսեր ընդհանրապես չունեն:

Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցող 6 կուսակցությունների և 1 դաշինքի ներկայացրած ծրագրերում կան բազմաթիվ նմանություններ: Նրանցից յուրաքանչուրը ներկայացնում է մայրաքաղաքի խնդիրները, որոնց մասին գիտի ցանկացած բնակիչ, սակայն դրանց լուծման կոնկրետ մեխանիզմներ ծրագրերում գրեթե չկան: Փոխարենը, ըստ Անդրանիկ Թևանյանի, կան որոշ էլեմենտներ, որոնց իրականացումը քաղաքապետի ֆունկցիաների մեջ չի մտնում. «Որոշ քաղաքական ուժեր իրենց նախընտրական ծրագրերում խոստանում են օրենսդրական փոփոխություններ անել, մինչդեռ դա քաղաքապետի լիազորությունների մեջ չի մտնում»,-ասում է նա:

Բոզոյանն ասում է, որ Եվրոպայում քաղաքապետերի ընտրության ժամանակ կուսակցություններից յուրաքանչուրը նույն խնդրի շուրջ իր լուծումն է առաջարկում, որով էլ կողմնորոշվում է ընտրողը. «Անգամ աղբահանության համար տարբեր ծրագրեր են ներկայացնում` մեկն ասում է` ես կարող եմ այսպես թափել, մյուսն այլ տեխնոլոգիա է առաջարկում: Եվ դա իրենց մոտ արդեն քաղաքականություն է համարվում, իսկ Հայաստանում նախընտրական ծրագրային քաղաքականություն դեռևս չկա»:

Դիտվել է 1784 անգամ:
Print Friendly

Leave a Reply