Բյուջեի կատարողական

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 28, 2010 12:17

ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացրել է 2010թ. հունվար-նոյեմբեր ամիսների  ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը

2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 690.2 մլրդ դրամ, իսկ ծախսերը` ավելի քան 742.6 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 93.6%-ով և 85.8%-ով ապահովել են տարեկան ծրագրային ցուցանիշների կատարումը:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 14.3%-ով կամ 86.3 մլրդ դրամով: Ընդ որում, 13.6%-ով (76.5 մլրդ դրամով) ավելացել են հարկային եկամուտները, պետական տուրքերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները, 82.9%-ով կամ 2.7 մլրդ դրամով` պաշտոնական դրամաշնորհները, 19.6%-ով կամ ավելի քան 7.1 մլրդ դրամով` այլ եկամուտները:

Պետական բյուջեի եկամուտների 92.9%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 6.3%-ը` այլ եկամուտների, 0.8%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: <<Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաև պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են ավելի քան 17 մլրդ դրամ:

2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 742.6 մլրդ դրամի ծախսեր` կազմելով տարեկան ծրագրի 85.8%-ը: Մասնավորապես` 662.1 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 80.5 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: Հաշվետու ժամանակահատվածում 14.1 մլրդ դրամի ծախսեր են կատարվել պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 3.3%-ով կամ 23.8 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է պետական պարտքի սպասարկման, դրամաշնորհների և ընթացիկ նորոգման ու պահպանման ծախսերի ավելացմամբ, ինչպես նաև ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի նվազմամբ:

2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 52.4 մլրդ դրամ պակասուրդով` տարեկան ծրագրով նախատեսված 128 մլրդ դրամի և 2009 թվականի նույն ժամանակահատվածի 114.9 մլրդ դրամ փաստացի ցուցանիշի դիմաց: Պակասուրդի ֆինանսավորման համար ներքին աղբյուրներից ներգրավվել է 67.7 մլրդ դրամ, իսկ արտաքին ֆինանսավորման ցուցանիշը կազմել է  -15.3 մլրդ դրամ:



[1] Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:

Դիտվել է 1393 անգամ:
Print Friendly

Leave a Reply