Ոռոգման համակարգերը վերականգնելու համար Հայաստանին կտրամադրվի 30 մլն ԱՄՆ դոլար վարկ
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 29, 2009 19:03
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը երեկ հաստատել է Հայաստանի` 30 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ոռոգման համակարգերի վերականգնման ծրագիրը: Այն կֆինանսավորվի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի տրամադրած վարկի միջոցով: Համաշխարհային բանկն այսպիսով ցանկանում է աջակցել ՀՀ կառավարության` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցության մեղմմանն ուղղված ծրագրին:
«Արմենպրես»ը գրում է, որ ՀԲ ծրագրի նպատակն է բարելավել Արմավիրի և Թալինի ոռոգման համակարգերի ջրօգտագործման արդյունավետությունը, գյուղական վայրերում խթանել աշխատատեղերի ստեղծմանը:
Այսօր Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը նշել է, որ ծրագրի շրջանակներում կվերանորոգվեն Արմավիրի և Թալինի մայր ջրանցքները: «Մենք իրականացրել ենք գնահատումներ և պարզել, որ այդ ջրանցքների վերակառուցումից հետո շուրջ 7 300 հա լրացուցիչ հողատարածք կոռոգվի: Շահառու համայնքների թիվը կլինի 73, ֆերմերներինը` 39 հազ.: Այս ջրանցքների վերականգնման միջոցով կնվազեցվեն նաև ջրի կորուստները, և կապահովվի վերոնշյալ տարածաշրջանների ոռոգման համակարգերի արդյունավետ աշխատանքը»,- նշել է նա:
Վարուդակիսը հույս է հայտնել, որ ծրագիրը կօգնի ֆերմերներին` մշակելու ավելի բարձրարժեք մշակաբույսեր: Այն կիրականացվի 2 տարվա ընթացքում` ձմռան ամիսներին, և կավարտվի 2011 թ-ի հունիսին: Վերականգնման աշխատանքները կսկսվեն նոյեմբերին, երբ ջրանցքներում այլևս ջուր չի լինի: Ըստ հաշվարկների` աշխատանքներում ամսական կներգրավվի 9 000 աշխատակից:
Վարկը Հայաստանին տրամադրվել է 27 տարով, որից 5-ը` արտոնյալ:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ոռոգման համակարգերի զարգացման ծրագրի գրասենյակի տնօրեն Ադիբեկ Ղազարյանի խոսքով` Հայաստանում ոռոգման համակարգերի զարգացման ծրագրեր պետք է իրականացվեն հատկապես Արարատյան դաշտավայրում: «Անհրաժեշտ է հանրապետությունում շարունակել մայր ջրանցքների, երկրորդական ջրանցքների, պոմպակայանների, դրենաժային համակարգերի վերակառուցման և ջրամբարների կառուցման ծրագիրը»,-ասել է նա:






Facebook
Tweet This
Email This Post
