ՎՊ-ն Տավուշում հայտնաբերված խախտումները Գլխավոր դատախազություն չի ներկայացնի
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | December 28, 2010 11:21ՀՀ վարահսկիչ պալատի խորհրդի՝ Տավուշի մարզկենտրոն Իջևանում գումարած տարեվերջյան նիստից հետո այսօր պալատի նախագահ Իշխան Զաքարյանը գովեց մարզը։
«Վերջին երեք տարում ոչ մի մարզում նման իրավիճակ չի եղել։ Դրական է այն, որ Վերահսկիչ պալատի ստուգումներից հետո, նախքան մարզում ՎՊ խորհրդի նիստ գումարելը, արձանագրված խախտումների մինչև 70 տոկոսը վերականգնվել է»,- ընդգծեց Իշխան Զաքարյանը։
Նրա խոսքով՝ դրական է նաև այն, որ Տավուշի մարզպետը ստուգումներից հետո լուրջ կարգապահական տույժերի է ենթարկել թերացողներին։
«Սա մեր բնագավառը չէր։ Ուստի միշտ ասել եմ, որ մենք երբեք այս բնագավառ չենք մտնում և որևէ պաշտոնյայից չենք պահանջում պատժել այս կամ այն աշխատակցին։ Բայց ինքը՝ երևույթը, շատ դրական եմ գնահատում այն առնումով, որ եթե մարդը թույլ է տվել խախտում, պետք է պատժվի, եթե մարդը թույլ է տվել չարաշահում, պետք է պատժվի, եթե մարդիկ թույլ են տվել այնպիսի արարքներ, որոնք հարիր չեն մարզպետարանի աշխատակցի կերպարին կամ համայնքի ղեկավարի կերպարին, պետք է պատժվեն։ Եվ սա դաս է լինելու նաև մյուսների համար։ Այս առումով Տավուշի մարզպետը բավականին դրական քայլեր կատարել է»,- ընդգծեց Զաքարյանը։
ՎՊ նախագահի խոսքով՝ Տավուշում բացահայտված խախտումները բնորոշ են նաև մյուս մարզերին. խախտումներ են արձանագրվել քաղաքաշինության, առողջապահության, կրթության ոլորտներում, մարզպետարանի ենթակայությամբ գտնվող հողերի վարձակալության մասով։
Փորձը ցույց է տալիս, որ հողի և գույքահարկի ապառքների մեծ մասը համայնքները ստուգումերից հետո վերականգնում են։ Հատևաբար Իշխան Զաքարյանի մոտ առաջանում է հետևյալ հարցը. «Եթե այդ գումարները հնարավոր է հավաքել, ուրեմն անպայման ինչ-որ ստուգող մարմին պետք է գա, արձանագրի, հետո՞ հավաքեք։ Ինչի՞ համար»։
Տավուշի մարզում արձանագրված խախտումների մասով ՎՊ-ն Գլխավոր դատախազություն չի դիմելու, քանի որ, ըստ Իշխան Զաքարյանի, քրեաիրավաբանական բնույթի խախտումներ չեն արձանագրվել։
Նա չբացառեց, որ մարզում կոռուպցիոն ռիսկեր կան, որոնք չի կարելի պայմանավորել չիմացությամբ։






Facebook
Tweet This
Email This Post
