Ինտերնետը Հայաստանում զեկույց-5

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 28, 2010 10:59

Circle.am և «Բիզնես 24» կայքերը ներկայացրել են այս տարվա  «Ինտերնետը Հայաստանում» 5-րդ զեկույցը, որում ներկայացված են 2010թ. աշնան ընթացքում Circle.am-ում արձանագրված ցուցանիշները:

Circle.am-ում գրանցվել է և՛ այցելությունների, և՛ էջերի դիտումների քանակների անընդհատ աճ: Նոյեմբեր և օգոստոս ամիսների տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ աշնան ընթացքում այցելությունների քանակն աճել է 50%-ով, իսկ վերջին 6 ամիսների ընթացքում այցելությունների քանակի աճը կազմել է 27.4%. բացարձակ աճը (հաշվի չեն առնվում վերջին կես տարում ավելացած կայքերի ցուցանիշները)` 20%:

Աշնան ընթացքում հայաստանյան այցելությունների մասնաբաժինն այցելությունների ընդհանուր ծավալում աճել է: Սա Հայաստանում ինտերնետի աճի տեմպերի կտրուկ արագացման հետևանք է:
Ինչպես և նախկինում, Հայաստանի առաջատար պրովայդերների ցուցակը գլխավորում է Beeline-ը: Չնայած նրան, որ ցուցանիշները փոքր-ինչ նվազել են, Beeline-ի առավելությունը մրցակիցների նկատմամբ շարունակում է մնալ չափազանց մեծ: Ամռան վերջում և աշնան ընթացքում առաջատարը քայլեր է ձեռնարկել և’ լայնաշերտ, և’ բջջային ինտերնետի զարգացման ուղղությամբ, սակայն, ինչպես ցույց են տալիս ստացված տվյալները, Beeline-ին չի հաջողվել մրցակիցներին հավասար աճի տեմպեր ապահովել: Սեպտեմբեր ամսվա ընթացքում ընկերության ցուցանիշը նվազել է 0.68 տոկոսային կետով և կազմել 40.26%: Հոկտեմբերի ընթացքում աճը կազմել է 0.36 տոկոսային կետ, և արձանագրվել է 40.62% ցուցանիշ: Նոյեմբեր ամսվա ընթացքում ցուցանիշը նվազել է 0.34 տոկոսային կետով և կազմել 40.24%: Փաստորեն, աշնան ընթացքում Beeline-ի ցուցանիշը նվազել է 0.7 տոկոսային կետով: Հատկանշական է, որ արդեն դեկտեմբերի սկզբին Beeline-ը մեկ տարվա պայմանգիր կնքող հաճախորդների համար զգալիորեն` 50-100%-ով, ավելացրեց Hi-line ինտերնետի անսահմանափակ փաթեթների շրջանակներում տրամադրվող ինտերնետի արագությունները: Սպասված քայլ, որն ընկերությանը հնարավորություն կտա պահպանելու այն հաճախորդներին, որոնց տարեկան պայմանագրերը սկսում են սպառվել դեկտեմբեր ամսից: Դեռ ավելին, առաջարկվող փաթեթների գին/արագություն գրավիչ հարաբերակցությունը կնպաստի նոր հաճախորդների ներգրավմանը: Առաջիկայում Beeline-ի ցուցանիշների աճին կնպաստեն նաև Երևանում 61 և 62  հեռախոսակայանների թվայնացումը և Երևանից դուրս Hi-line ծառայության աշխարհագրության ընդլայնումը:

Երկրորդ տեղում Orange-ն է: Ամռան ընթացքում գրանցված բավական տպավորիչ արդյունքներից հետո Orange-ին հաջողվել է պահպանել աճի բավականին բարձր տեմպերը: Օրանժն այն երկու պրովայդերներից մեկն է, որոնց աշնան բոլոր ամիսների ընթացքում հաջողվել է ապահովել շարունակական աճ: Միևնույն ժամանակ, բջջային ինտերնետի ոլորտում Orange-ը շարունակում է մնալ բացարձակ առաջատար:

Երրորդ տեղում է Vivacell-MTS-ը: Աշնան երեք ամիսների ընթացքում առաջատար բջջային օպերատորի ցուցանիշներն անընդմեջ նվազել են:

Տասնյակը եզրափակող Web ընկերությանը սեպտեմբեր ամսին հաջողվել է 0.04 տոկոսային կետով ավելացնել իր մասնաբաժինը, սակայն հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների ընթացքում գրանցվել է նվազում, որի հետևանքով ընկերության ցուցանիշի անկումն աշնան ընթացքում կազմել է 0.05 տոկոսային կետ` հասնելով 1.16%-ի:

Circle.am-ում գրանցված կայքերի առաջին տասնյակը երեք ամիսներին էլ շարունակում է գլխավորել  Hamovhotov.com վիդեո պորտալը: Այն դեռևս  մնում է Circle.am-ում գրանցված միակ կայքը, որի ամսական այցելությունների քանակն անցնում է 1 միլիոնից:

Զեկույցի շրջանակներում առաջին անգամ ներկայացվում է այցելուների կողմից օգտագործվող բրաուզերների ցուցանիշները: Այսպիսով, Circle.am-ի այցելուներն առաջին հերթին նախընտրում են Firefox բրաուզերը` 35.76%. երկրորդ տեղում է Internet Explorer-ը` 28.15%: Երրորդ հորիզոնականն է զբաղեցնում Chrome բրաուզերը` 21.22%, Opera-ն չորրորդն է` 13.91%: Հնգյակը եզրափակում է Safari-ն` 0.52%: Մնացած բրաուզերներին բաժին է ընկնում 0.44%-ը:

Ինտերնետ բրաուզերների բաշխվածության վերջին 10 տարիների տվյալները ցույց են տալիս, որ Internet Explorer-ը դանդաղ ու կայուն տեմպերով զիջում է առաջատարի իր դիրքերը: Հայաստանում Firefox-ի և Chrome-ի առաջատար դիրքերը ամենևին էլ անսպասելի չեն: Այսպիսի պատկերը հիմնականում պայմանավորված է Հայաստանում ինտերնետի ուշ զարգացմամբ և մասսայականացմամբ: Կարելի է պնդել, որ բրաուզերների բաշխվածության առումով Հայաստանը առաջ է անցել համաշխարհային միտումներից:

Սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների տվյալների համաձայն Circle.am-ում գրանցված կայքերի 51% գտնվում է .am դոմենային գոտում, ամռան տվյալների համեմատ այս ցուցանիշը չի փոփոխվել: .com դոմենային գոտում գրանցված կայքերի ցուցանիշն ամռան համեմատ աճել է 1 տոկոսային կետով և կազմել 30%, միևնույն ժամանակահատվածում .ru դոմենային գոտում գրանցված կայքերի ցուցանիշը նվազել է 1 տոկոսային կետով և կազմել 7%: .net դոմենային գոտում գրանված կայքերի ցուցանիշը չի փոփոխվել և կրկին կազմել է 3%, մնացած դոմենային գոտիներին բաժին է ընկնում գրանցված կայքերի 9%-ը:

Աշնան ընթացքում շարունակել է նվազել հայաստանյան հոսթինգ ծառայություններից օգտվող կայքերի մասնաբաժինը: Ամռան համեմատ Հայաստանում տեղակայված կայքերի մասնաբաժինը կրճատվել է 0.42 տոկոսային կետով և կազմել 19.58%:

Circle.am-ում գրանցված կայքերի տեղաբաշխվածությունն ըստ երկրների հետևյալն է` 1. ԱՄՆ – 57.09% (898 կայք), 2.  Հայաստան – 19.58% (308), 3. Ռուսաստան – 9.47% (149), 4. Մեծ Բրիտանիա – 5.21% (82), 5. Կանադա -2.86% (45), 6. Գերմանիա – 1.72% (27), 7. Նիդերլանդներ – 1.4% (22), 8. Ուկրաինա – 0.64% (10), 9. Ֆրանսիա – 0.57% (9), 10. Իռլանդիա – 0.32% (5), Լատվիա – 0.19% (3), 11. Վրաստան, Դանիա, Իտալիա, Շվեցիա – 0.13-ական տոկոս (2), 12. Հունաստան, Իսպանիա, Կորեա, Լեհաստան, Չեխիա, Շվեյցարիա, Էստոնիա – 0.06-ական տոկոս (1):

Circle.am-ում ներկայացված 173 բլոգներ օգտվում են Livejournal.com, WordPress.com և Blogger.com հարթակներից և տեղակայված են ԱՄՆ-ում: Անվճար կայքերի գործարկման հնարավորություն տվող հարթակներից լեզվական պատնեշի բացակայության պատճառով առավելապես օգտագործվում են ռուսականները: Circle.am-ում գրանցված 124 կայքեր օգտվում են նման հարթակներից` Ucoz (*.do.am, *.ucoz.com) և Yandex Narod (*.narod.ru): Հայաստանում նման հարթակների բացակայությունը ի սկզբանե մեծացնում է արտասահմանում տեղակայված կայքերի թիվը: Իհարկե, կարելի է ասել, որ Հայաստանում դեռևս գործում է Freenet-ը և անգամ Circle.am-ում գրանցված 34 կայքեր տեղակայված են այնտեղ:Սակայն, չթերագնահատելով Freenet-ի ունեցած մեծ դերը հայկական ինտերնետի զարգացման գործում, պետք է նշել, որ այժմ այն որպես արտասահմանում գործող նմանատիպ այլ հարթակների այլընտրանք չի կարող դիտարկվել:

Նույն գնային միջակայքում առաջարկվող ամերիկյան և հայաստանյան վիրտուալ հոսթինգի ծառայությունների համեմատությունը Հայաստանի օգտին չէ: Հայաստանյան պրովայդեր – արժեքը` 10 դոլար/ամիս, տրաֆիկ` 1 տերաբայթ, տարածք` 500 մեգաբայթ, փոքր քանակությամբ հավելյալ անվճար ծառայություններ: Ամերիկյան պրովայդեր – արժեքը` 8 դոլար/ամիս, տրաֆիկ` անսահմանափակ, տարածք` 600 գիգաբայթ, մեծ քանակությամբ հավելյալ անվճար ծառայություններ:

Սպասարկման, տեխնիկական աջակցության, կապուղիների տարողության առումներով նույնպես հայաստանյան ընկերությունները զիջում են իրենց արտասահմանյան գործընկերներին: Արտասահմանում վիրտուալ սերվերի աշխատանքի խափանման դեպքում պրովայդերը խնդիրը լուծում է հաշված րոպեների ընթացքում: Անհրաժեշտության դեպքում առանձնացված սերվերի փոխանակումը կատարվում է 2-4 ժամում: Հայաստանում ժամը 18.00-ից հետո գործնականում անհնար է ստանալ անգամ տարրական հարցերին վերաբերող պատասխաններ:

Վերոնշյալ բոլոր փաստարկները խոսում են արտասահմանյան հոսթինգ ծառայությունների օգտին: Հետաքրքրական է նաև, որ հայաստանյան որոշ  պրովայդերներ իրենց հոսթինգ ծառայությունները տրամադրում են արտասահմանում գտնվող սերվերների միջոցով:

Դիտվել է 1722 անգամ:
Print Friendly

Leave a Reply