Անարդար մրցամարտ. ինչո՞ւ պարտվեց Վիկը

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | July 29, 2009 19:10
vik-darchinyan8

Վախթանգի ձախից՝ նրա մարզիչ Վազգեն Բադալյանը

ԱՄՆ-ից վերադարձած թեթևագույն քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանի մարզիչ Վազգեն Բադալյանն իր վրդովմունքը հայտնեց «Անկախին»` Վիկի անհաջողության հետ կապված: Դարչինյանը Սանռայզում IBF վարկածով առաջին թեթև քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, գանացի Ժոզեֆ Ագբեկոյից պարտություն կրեց հուլիսի 11-ին:

-Այս մեկը տարբերվում էր Վախթանգի նախկին մրցամարտերից: Նախ, նա հանդես էր գալիս ավելի բարձր քաշային կարգի մրցակցի հետ: Բայց հիմնական լարվածությունը ստեղծեց Դոն Քինգը: Նա միլիարդատեր է, աշխարհում հայտնի անձնավորություն, պրոֆեսիոնալների հանդիպումներ է կազմակերպում և մեծ ազդեցություն ունի այս մարզաձևի վրա: Ագբեկոն նրա բռնցքամարտիկն է: Դոն Քինգը նախկինում եղել է Մուհամեդ Ալիի, Մայք Թայսոնի, Էվանդեր Հոլիֆելդի, Օսկար Դելահոյայի և այլ հանրածանոթ բռնցքամարտիկների պրոմոութերը: Մրցավարները նրանից կախման մեջ են, և այդ հանդիպումը սպասարկողները բոլորն էլ նրա մարդիկ էին: Գիտեինք, որ եթե 12 ռաունդանոց մրցամարտում Վախթանգը նոկաուտով առավելության չհասնի, նրան միավորներով հաղթանակը չեն շնորհի:

Ի դեպ, հանդիպումից առաջ բոլորը մեզ միայն այդ մասին էին զգուշացնում: Այդ է պատճառը, որ Վախթանգն այդ քայլին գնաց, որ մրցակցին արագ նոկաուտի ենթարկի: Բայց առաջին ռաունդում նա հոնքի վնասվածք ստացավ: Ընդ որում, մրցակիցը գլխով հարված հասցրեց և խոր վերք բացեց: Եվ մի քանի ռաունդ անց նույն ձևով մեր մարզիկի մյուս հոնքը վնասվեց: Թեև արյունն ուժեղ հոսում էր, սակայն ռինգի մրցավարը ոչ մի բան չձեռնարկեց, անգամ Ագբեկոյին չզգուշացրեց: Ընդհակառակը, նա հրահանգ տվեց շարունակել հանդիպումը

Հասկանալի էր, որ ակնկալիքն այն էր, որ մեր մարզիկի վնասվածքն ավելի խորանա, և նա չշարունակի հանդիպումը: Այսինքն, Վախթանգին տեխնիկական պարտություն կարող էր գրանցվել: Իրականում նրա աջ կողմի աչքը չէր տեսնում, ամբողջովին արյունով էր լցված: Կրկնակի, մինչև հոնքոսկրը հասնող պատռվածք կար: Եվ անգամ այդ վիճակում Վախթանգը մրցակցին նոկդաունի ենթարկեց, որը ռինգի մրցավարը չնկատելու տվեց:

– Բայց 7-րդ ռաունդում նա գտավ, որ Դարչինյանի հուժկու հարվածից հետո Ագբեկոն նոկդաունում է հայտնվել:
– Այո, սակայն դրանից անմիջապես հետո Դոն Քինգը վազքով մոտեցավ կողային մրցավարներին` շարունակ բղավելով նրանց վրա: Եվ չլսված բան կատարվեց: Մրցավարներն անգամ այդ նոկդաունը չգրանցեցին, միավորը ետ տարան: Ի դեպ, հանդիպման ավարտից հետո 2 մրցավարներն էլ տվել էին միևնույն` 114: 113 հաշիվը` հօգուտ Ագբեկոյի: Այսինքն, եթե այդ միավորը հաշվվեր, հավասարություն կլիներ: Միայն մրցավարներից մեկը` Դոն Քինգին չափից շատ հաճոյանալու համար նկարել էր 116: 111 հաշիվը: Սակայն Դարչինյանն էլ ինձ վրդովեցրեց:
– Ի՞նչը նկատի ունեք:
– Նա փորձառու է և այդ ամենը տեսնելով` պետք է ավելի զգույշ լիներ, շտապողականություն չդրսևորեր, տեխնիկապես հավաքված աշխատեր, տարածությունը պահպաներ: Նա զայրացած էր, սակայն այդպես հնարավոր չէ հարցեր լուծել: Իսկ վնասվածքները նա մրցակցին մոտ թողնելու հետևանքով ստացավ:

– Մեր մարզիկի հակառակորդն իրո՞ք ուժեղ էր:
– Ինձ դուր եկավ, նա նախկինում իր հանդիպումների գերակշիռ մասը նոկաուտով էր հաղթել և միայն մեկ անգամ էր պարտվել: Բայց գանացին Վախթանգից անհամեմատ թույլ էր: Ընդ որում, իր պատրաստվածությամբ նա զիջում էր մեր մարզիկի վերջին շրջանի բոլոր հակառակորդներին: Սակայն Ագբեկոյի թիկունքին կանգնած էր Դոն Քինգը, իսկ դա ծանրակշիռ աջակցություն էր: Հանդիպումից հետո Վախթանգն ասաց, որ իրեն 1 րոպե չի բավականացրել, որպեսզի նոկաուտով հաղթի մրցակցին:

– Դարչինյանը հետո հրապարակավ խոստովանել է, որ այդ հանդիպման սկզբում տակտիկական սխալ է թույլ տվել և այդպես էլ շարունակել է: Մարզիչները մեղք ունե՞ն դրանում:
– Մրցամարտից հետո նա ինձնից ներողություն խնդրեց և ասաց, որ ավելորդ շտապողականություն դրսևորելով` չի կարողացել կատարել իմ տված հրահանգները: Վախթանգը չէր կարող իր մարտաոճը փոխել և այդպես պետք է աշխատեր: Բայց աջ ձեռքով տարածություն պահելն անհրաժեշտություն էր: Մենք նախապես գիտեինք, որ նրա մրցակիցը գլխով հարվածում և վնասելով շարքից հանում է հակառակորդներին: Ագբեկոն իր հաղթանակների 80 տոկոսն այդպես էր տարել` մրցակիցների հոնքերը բացելով: Դարչինյանը հարձակողական ոճի բռնցքամարտիկ է, և ես չէի կարող նրան ասել, որ ետ քաշվեր: Եթե Վախթանգն այդպես աներ, ապա Ագբեկոն ոտքն առաջ կդներ և կխեղդեր: Նա հենց այդպես էլ վարվում էր, երբ Դարչինյանը փոքր-ինչ նահանջում էր:

– Որպես կանոն, իր անցկացրած հանդիպումներից հետո Վախթանգը Հայաստան էր գալիս: Ինչո՞ւ այս անգամ նա այդպես չվարվեց:

– Սկզբում նախատեսել էինք, որ նա Հայաստան կվերադառնա, սակայն անտրամադիր էր: Չեմ կարծում, թե առաջիկայում Վախթանգը Հայաստան գա: Նրան նոր փորձություն է սպասվում, որին նախապատրաստվելու համար քիչ ժամանակ ունի: IBF վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների մրցամարտերի անցկացման կազմակերպության նախագահ Լինդսի Տակերը հայտնել է, որ Վախթանգը պարտավոր է 90 օրվա ընթացքում հանդիպում անցկացնել իր նախկին` թեթևագույն քաշային կարգում, որպեսզի պաշտպանի չեմպիոնական գոտին: Նրա մրցակիցը կլինի հարավաֆրիկացի Սիմֆիվե Նոնգային, ով IBF վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների դասակարգման աղյուսակում առաջինն է և զիջում է միայն չեմպիոնին` Դարչինյանին: Ի դեպ, պարտությունից հետո Վախթանգը մնում է աշխարհի բացարձակ չեմպիոն, քանի որ ավելի բարձր քաշային կարգում է փորձել նվաճել չեմպիոնական գոտի: Ի դեպ, նա նպատակ ունի նաև մրցել WBO վարկածով 52,163 կգ քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն, պուերտոռիկացի Խոսե Լոպեսի հետ և տիրանալ չեմպիոնի 4-րդ գոտուն:

Դիտվել է 1432 անգամ:
Print Friendly

Leave a Reply