Սոցապ ծառայության 300 աշխատակիցներ հունվարի 1-ից գործազուրկ կդառնան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 27, 2010 17:27

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակիցները երկուշաբթի օրը բողոքի ցույց էին կազմակերպել Կառավարության շենքի դիմաց:

Հայաստանի կառավարությունը որոշել է 2011 թվականի հունվարի 1-ից լուծարել Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարումների ծառայությունը, որի արդյունքում ծառայության 300 աշխատակից գործազուրկ կդառնա:

Այս մասին ընդամենը մեկ շաբաթ առաջ իմացած տեսուչ-վճարողները բողոքի ցույց անցկացրին նախ իրենց ծառայության գրասենյակի առջեւ, ապա շարժվեցին դեպի նախագահի նստավայր, իրենց նամակը հանձնեցին նախագահին, այնուհետեւ բողոքի ակցիան շարունակեցին Կառավարության շենքի դիմաց` պահանջելով վերանայել կայացրած որոշումը:

«Ես իմ ընտանիքի միակ կերակրողն եմ, ունեմ երկրորդ կարգի հաշմանդամ եւ ապրում եմ վարձով: Եվ բոլորը նույն կարգավիճակում են, այսօր Նոր տարվա շեմին մեզ նվեր են ուղարկել», – բողոքեց աշխատակիցներից մեկը:

Նրանք բոլորը իշխող Հանրապետական կուսակցության անդամներ են եւ վրդովված ասում են, թե կպատռեն իրենց կուսակցական անդամատոմսերը:

«Մի գիշերվա մեջ իրենց պետք էր, որ 300 հոգի դառնան Հանրապետական կուսակցության անդամ, այսօր իրենց պետք չեն այս 300 հոգին կուսակցությունում, շպրտում են դուրս», – ասաց տեսուչ-վճարողներից մեկը` հավելելով, որ 300 հոգին իր հետ կուսակցություն է բերել է 900 հոգու` իր ընտանիքի անդամներին կամ մյուս բարեկամներին:

«Ստիպում էին, որ ձայն հավաքենք Հանրապետական կուսակցության համար, եթե չէ` ուրեմն չենք կարող աշխատել, իսկ այսօր գրչի մի հարվածով բոլորիս հանեցին դուրս», – ասաց մեկ այլ աշխատակից:

azatutyun.am

Դիտվել է 1478 անգամ:
Print Friendly

Leave a Reply