Պատասխան “կովի ամուսինների” մասնագետ տնտեսագետին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 27, 2010 16:47
Վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, համարելով իրեն հայ եկեղեցու կատաղի հակառակորդ, նշել է, որ եկեղեցին քանիցս մեր պետականության կործանման պատճառ է դարձել: Այս հարցին, անշուշտ, պետք է ըմբռնումով մոտենալ` հաշվի առնելով այն փաստը, որ պարոն տնտեսագետը hայոց պատմությունը սերտել է միայն սովետական մեկ-երկու դասագրքով: Սակայն մեր հանրապետության առաջին տարիներին նրա զբաղեցրած պետական “կատաղի” պաշտոնները պիտի հնարավորություն ընձեռեին նախկին վարչապետին` ծանոթանալու գոնե այս hանրապետության ստեղծման գործում եկեղեցու ունեցած դերը: Պետք է որ “կովի ամուսինների” (=ցուլ) մասնագետը տեղյակ լիներ իր վարչապետության օրոք ՀՀ նախագահի կողմից երջանկահիշատակ Վազգեն Առաջինին հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար “ՀՀ Ազգային հերոս” կոչումով պարգևատրելու, ինչպես նաև Արցախյան հերոսամարտին մասնակցած, զոհված, տարբեր կոչումներ ստացած եկեղեցականների մասին (նույնը չի կարելի ասել պարոն Հրանտի և նրա ընկերների մասին):
Առավել զավեշտալի է Բագրատյանի այն անհանգստությունը, որ եկեղեցին զբաղվում է երկրի կրթական, առողջապահական գործով: Դատելով հմուտ տնտեսագետի վերլուծական խորը մտքերից ու երևակայության բարձր թռիչքներից` ցավով պիտի արձանագրել, որ ոչ միայն եկեղեցին (իր առողջապահական ծրագրերով հանդերձ), այլև որևէ հիվանդանոց, Հրանտ Բագրատյանին այլևս չի կարող փրկել կպչուն մտքերի նոպաներից: Ի գիտություն պարոն Բագրատյանի նշենք, որ հայոց գրերի գյուտի հեղինակը և միջնադարյան համալսարանների և կրթոջախների հիմնադիրները հայ եկեղեցու սպասավորներ են: ՀՀ մայր բուհի հիմնադրման գործում էլ հայ եկեղեցականների ներդրումը մեծ է:
Չանդրադառնալով մեր երկրի թիվ մեկ մտահոգ քաղաքացու մտքի մյուս փայլատակումներին` ասենք, որ ամեն տեսակ առողջ քննադատություն արժանի է քննելու և քննարկելու, սակայն որևէ հարցի շուրջ խոսելիս և կամ որևիցե երևույթ քննադատելիս պետք է հիշել, որ խոսելու և քննադատելու իրավունքը ևս պետք է վաստակել: Իսկ պարոն Բագրատյանի վաստակի, “բարեփոխումների” և անձի նկատմամբ մեր հասարակությունում վաղուց հստակեցված մոտեցումն ու կարծիքը բոլորիս քաջ հայտնի են:
Վարդան Հայրապետյան






Facebook
Tweet This
Email This Post
