2011-ի նախանիշեր

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 28, 2010 10:26

Հայկական աշխարհին մեջ 2010-ի ամենահատկանշական իրադրությունը Երևան-Անկարա արձանագրություններու վավերացման հանգրվանի սառեցումեն ավելի, ուիլսոնյան իրավարար վճռի 90-ամյակի առիթով պաշտոնական Երևանի հայտարարությունն էր՝ անոր այժմեական իրավական նշանակության մասին. ինչ որ կարելի է սեպել տարվան ամենեն հատկանշական և նախանշային իմաստ ունեցող իրադրությունը։ Փաստորեն, կատարվածը համազոր է պահանջատիրության պետականացման։ Երևույթը խնամքով անուշադրության մատնվեցավ թրքական պետական, հասարակական և լրագրողական շրջանակներու կողմե: Հայկական կողմը համապատասխան արձագանքումը չկատարեց։ Հայտնապես կը սպասեր հետագա զարգացումներուն։
Իրավարար վճռի 90-ամյակին առիթով կատարված հայտարարությունը հիմնովին հակասական է Երևան-Թուրքիա սառեցված արձանագրություններու բովանդակության։ Երևանի բարձրագույն ամբիոնեն հնչած է սևրյան Հայաստանի իրավական այժմեականության մասին, ինչ որ կը ջրե երկկողմ համաձայնությունները  հասարակաց սահմաններու փոխճանաչման համար։
Այս հայտարարությունը պետք է մեր հետագա ներազգային թե արտաքին աշխատանքներուն ուղենիշը կազմե և անընդմեջ հղում խլե ամեն տեսակ առիթի։ Այս մեկը աննախադեպ քայլ է, որուն վրայ լուսարձակները լայն պետք է բանա հայ քաղաքական միտքը, այս մեկուն հիմամբ իսկ պահանջելու համար արձանագրություններու հայկական ստորագրության հետս կոչումը։
Անցնող տարին բեկումնային չեղավ արցախյան բանակցություններուն մեջ։ Հակառակ՝ բազմաթիվ նախատեսություններու և յուրաքանչյուր բանակցային հանգրվանի նախօրյակին այս կամ այն պետության բարձրաձայնած ակնկալություններուն։ Յստակ է միանգամայն, որ ազրբեջանական ճիգերը բանակցային ձևաչափը փոխելու իզուր անցան։ Պարզ է նաև, որ միջազգային հանրությունը թեև մատնացույց ընելով չդատապարտեց, այսուհանդերձ չընկալեց նաև Ազրբեջանի ռազմաշունչ հռետորաբանությունը, երբ բացառապես հարցի կարգավորումին համար գերադասեց խաղաղ միջոցները։ Ինքնորոշման իրավունքը իբրև միջազգայնորեն ճանչցված սկզբունք հավասարազոր արժեք ստացավ տարածքային ամբողջականության սկզբունքին. մինչ, հայկական կողմը թե՛ ներքին և թե՛ արտաքին կարգերով պարզ դարձուց, որ Արցախի անկախությունը անսակարկելի է. տակավին հստակացած է այն եզրագիծը, որմե անդին բանակցելու տեղ չունի հայկական կողմը։ Կը մնա շարունակ պահանջել պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությունը բանակցություներուն։ Ի վերջո, բացառված է, առանց ինքնորոշված կողմի համաձայնության, որևէ լուծումի հանգիլը։
Սփյուռքյան կողմը հայկական աշխարհի շարունակեց գործուն մասնակցություն ունենալ հայրենակերտ տարբեր աշխատանքներու։ Համասփյուռքյան կառույցներու ձևավորման նախաքայլերը կը նպատակադրեին ներկայացուցչական մարմիններու ստեղծումը։ Տակավին շատ ճամփա ունինք կտրելիք այս ուղղությամբ։ Կարևոր հիշեցումը պիտի ըլլա այն, որ որևէ ձևով ինքնանպատակ և հայրենիքեն անջատ գործող կառույցներու ձևավորման պետք չէ հանգին այս փորձերը։ Հայաստանի պետության հետ համախորհուրդ, համակարգավորված և նպատակաուղղված առանցքային գիծն է, որ պարտի տիրական ըլլալ նման աշխատանքներու ուղեգիծերուն վրայ։
Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնադրույթները կազմող երկու գերխնդիրներու նկատմամբ հստակ կանխատեսումներ կատարելը իրատեսական չի հնչեր։ Մանավանդ երբ նկատի ունենանք գերտերություններու անմիջական շահգրգռվածության իրականությունը և ազդեցության գոտիներու աշխարհակարգային տարողությամբ տարուող մրցապայքարը։
Այսօրվան դրությամբ արտաքին-ներքին ներշնչանքներու իսկ շարժառիթներով բացատրվող հիմնական քայլ առնված է, որուն վրայ պետք է հենիլ, որուն հղում պետք է կատարել յուրաքանչյուր պատեհ առիթի թէ՛ արտաքին և թէ՛ ներազգային քաղաքականություններու իրականացման ընթացքին։ Սևրի դաշնագրի և ուիլսոնյան իրավարար վճռի իրավական աժմեական նշանակության մասին է խոսքը, որուն բարձրաձայնումը կատարված է արդեն բարձրագույն մակարդակով։ Հայությունը միավորող ա՛յս ուղենիշն է, որ պիտի հատկանշե մեր համազգային քաղաքականության առաջիկա տարիները։ 2011-են սկսյալ։
Շահան Գանտահարյան
«Ազդակի» գլխավոր խմբագիր

Դիտվել է 954 անգամ:
Print Friendly

Leave a Reply