Արամ Հարությունյան. «Ես այդքան ջրօգտագործման թույլտվություն չեմ տա»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 27, 2010 15:37

«Ջրօգտագործման թույլտվությունը չի լինելու այն քանակի, որ հնարավոր դառնա այդ հէկ-ը աշխատացնելը: Պատասխանատու հայտարարում եմ, որ ջրօգտագործման թույլտվությունը լինելու է ըստ ջրապահանջարկի: Միջգերատեսչական խմբի կողմից հաստատված ծավալի  սահմաններից դուրս չենք գալու: Թույլտվությունը չի լինելու ավելին, քան Վայոց Ձորի երկու  համայնքների ջրապահանջարկն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը` անդրադառնալով  Գեղարքունիքի մարզում` Արգիճի գետի Գայլաձոր վտակի վրա կառուցված անօրինական հէկ-ի խնդրին:

Նախարարը հայտարարեց, որ իրենք պարզել են, որ ներկայիս 87 լ/վրկ թույլտվության փոխարեն Վայոց Ձորի երկու համայնքներում ոռոգման ջրի պահանջարկը կազմում է 28-30 լ/վրկ:

«Գեղարքունիքի մարզպետարանը ընկերությանը վարչական տույժի է ենթարկել և կարծում եմ, որ գործընթացը կհասնի իր տրամաբանական ավարտին,- ասաց Հարությունյանը:- Մեր գործառույթներն այդքան շատ չեն, մենք վերահսկում ենք, որ շինարարական աշխատանքները չշարունակվեն և հետագա կարգավորման աշխատանքները կատարվեն»:

Հարությունյանը նշում է, որ Վայոց Ձորին ջուր մատակարարող խողովակները հանվել են, նորը, սակայն, չի տեղադրվել. «Պետք է հետևենք, որ Վայոց Ձորին ջուր մատակարարվի»:

«Անկախ»-ի հարցին ի պատասխան, թե ինչպես նախարարը կմեկնաբանի լուրերը, որ գարնանը հէկ-ի շինարարությունը պետք է վերսկսվի, Հարությունյանը պատասխանեց. «Մենք մարզպետարանի հետ այդ աշխատանքները պահելու ենք վերահսկողության տակ»:

Ասուլիսից հետո Հարությունյանը «Անկախ»-ի թղթակցի հետ առանձնազրույցում  նշեց. «Ես այդքան ջրօգտագործման թույլտվություն չեմ տա»: Անդրադառնալով ներկա դրությանը, երբ կառուցապատող «Զանգեզուր էքսիմպ» ընկերությունը չի կատարել ապօրինի կառույցն ապամոնտաժելու մարզպետարանի պահանջը` Հարությունյանը նշեց, որ «Ապամոնտաժումը լրացուցիչ ծախսեր է պահանջում, ինչից փորձում է խուսափել ընկերությունը»:

Թեմայի մասին տես նաև` Գայլաձորի անունը լսելիս պաշտոնյաները գնում են արձակուրդ

Դիտվել է 1402 անգամ:
Print Friendly

Leave a Reply