Սարկավագական ձեռնադրություն`Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 27, 2010 11:08

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվել է Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի տոնը։ Ամեն տարի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ս. Ստեփանոսի տոնին մեծ հանդիսավորությամբ կատարվում է սարկավագական ձեռնադրություն: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ` Սբ. պատարագի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը կատարել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանի 30 սաների սարկավագական ձեռնադրության արարողությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից, Սբ. պատարագի ընթացքում ձեռնադրող Սրբազան Հայրը հավուր պատշաճի ներկայացրել է Ս. Ստեփանոս նախասարկավագի տոնի խորհուրդն ու պատգամն` ուղղված մեր հավատավոր ժողովրդին: Այնուհետեւ Սրբազան հայրը, իր խոսքն ուղղելով նորընծա սարկավագներին, նշել է. «Սիրելի’ նորընծաներ, մեր օրերում ձեզանից ոչ ոք ակնկալություն չունի եւ չի ունենալու, որ ձեր հավատքն ու կյանքն արյան նահատակությամբ պսակեք:

Այսօր` մեր ժամանակներում, պակաս է զգացվում մյուս նվիրական հեղուկի` ճակատի քրտինքի: Ձեր անհոգնաբեկ ծառայությամբ քրտինք թափեցեք եւ այն խառնեցեք պատմության ներկային ու ապագային: Վստահ ենք, որ պիտի դառնաք բաբախող սիրտն այն եկեղեցու, որի երակներում պիտի հոսի ձեր ծառայության եւ առաքինի կյանքի ազնիվ հեղուկը: Պիտի դառնաք այն հեղուկը, որը հոսելու է այն մեծ սրտի մեջ, ուր մեր Տերն է բնակվում, եւ ձեր օրինակելի ընթացքով ու արդյունավետ գործերով պիտի ապրեք Հիսուսի հետ, Հիսուսի համար եւ Հիսուսի մեջ»:

Արտակ Սրբազանը մաղթել է, որ ամենակալ Տերը նոր ստեփանոսներ ծնի մեր եկեղեցու անդաստանում: Պատարագի ավարտից հետո տոնի առիթով Մայր Աթոռի բոլոր սարկավագներին Հայրապետական իր օրհնությունն ու հայրական պատգամն է ուղղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Նորին Սրբությունը շնորհավորել է նրանց` խրատելով օրինակել Ս. Ստեփանոսի կյանքի հոգեւոր սխրանքը, նրա հավատքն ու սերը, որոնց վրա պետք է խարսխված լինի հոգեւորականի առաքելությունը: Դեկտեմբերի 24-ին դպրության չորս աստիճաններ են ստացել 14, իսկ ուրարակիր դարձել` 19 ճեմարանականներ:

Դիտվել է 1499 անգամ:
Print Friendly

Leave a Reply