Երեքշաբթի ժամը վեցին բոլորս դեպի նախագահական նստավայր

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | December 26, 2010 22:53

Երեքշաբթի` դեկտեմբերի 28-ին, ժամը 18.00 նախագահական նստավայրի առջև (դիմացի
մայթին) տեղի կունենա բողոքի ցույց` օտարալեզու դպրոցների դեմ շարժմանը միացած
մտավորականների, հասարակական կազմակերպությունների և անհատների
մասնակցությամբ: Ցույցի մասնակիցները աշխատակազմի միջոցով Սերժ Սարգսյանին
կփոխանցեն նախօրոք հարյուրավոր մարդկանց կողմից ստորագրված պահանջագիրը`
չստորագրել «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում
փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որն Ազգային ժողովն
ընդունել է դեկտեմբերի 22-ին:

«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական
նախաձեռնությունը կոչ է անում խնդրով մտահոգ մեր բոլոր հայրենակիցներին
մասնակցել բողոքի այս կարևորագույն միջոցառմանը: Անցած 8 երկարուձիգ ամիսների
ընթացքում օտարալեզու դպրոցներ բացելու` իշխանությունների ծրագրի
կապակցությամբ իրենց անհամաձայնությունն այս կամ այն կերպ արտահայտել են
հազարավոր մարդիկ, նրանցից մի քանի հարյուրը գոնե մեկ անգամ մասնակցել են
բողոքի ակցիաներին: Հասել է մեկտեղվելու և մեր իրական ուժն ու վրդովմունքը
արտահայտելու ժամանակը: Սերժ Սարգսյանին պետք է ի վերջո ցույց տալ, թե ինչ
ուժի դեմ են այս ընթացքում գործել իր նշանակած վարչապետն ու ԿԳ նախարարը, ում
բողոքն է պատրաստվում արհամարհել նա` ստորագրելով այդ դավաճանական
փաստաթուղթը: Լինի դա ուսանող, թե ակադեմիկոս, երաժիշտ, թե հրապարակախոս,
գրող, ռեժիսոր, լրագրող, նկարիչ, դասախոս. բոլորս պարտավոր ենք այդ օրը, այդ
ժամին լինել Բաղրամյան 26-ում` անգամ հաշվի չառնելով` մեր գործողություններն
արդյունքի բերելու են, թե ոչ: Սա տեսակի առանձնացման խնդիր է:

Խնդրում ենք բոլոր հնարավոր միջոցներով տարածել այս կոչը:

Դիտվել է 1232 անգամ:
Print Friendly

Leave a Reply