Օրհան Փամուկ. Թուրքիայի երազանքները Եվրոպայի մասին խամրել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | December 25, 2010 21:23

«Իմ մանկության դասագրքերում՝ 1950-60-ականների դասագրքերում Եվրոպան ներկայացվում էր ռոմանտիկ առասպելներով պարուրված»,- The Guardian-ում հրապարակված հոդվածում գրում է հայտնի թուրք գրող Օրհան Փամուկը: Աթաթուրքը, ստեղծելով իր հանրապետությունը Օսմանյան կայսրության ավերակների վրա, արեւմտյան հասարակական-մշակութային արդիականացման ոգով մի շարք բարեփոխումներ նախաձեռնեց, պարզաբանում է նա: Այդ բարեփոխումներն օրինականացնելու համար, որոնց արդյունքում ձեւավորվեց նոր թուրքական վերնախավը, դպրոցականներին բացատրում էին, թե ինչու պետք բաժանել պետությունն ու կրոնը, ինչու Թուրքիան արաբական այբուբենից անցավ լատինատառ այբուբենի: Կողմնորոշումը դեպի Եվրոպա ընկալվում էր թուրքերի կողմից որպես պատմական անհրաժեշտություն կամ նույնիսկ որպես պրագմատիկ ադապտացիա, գրում է Փամուկը:

Սակայն ռոմանտիկ Եվրոպայի մասին այդ երազանքները խամրել են, գտնում է Փամուկը: Հնարավոր բացատրությունները շատ են՝ Թուրքիան ավելի բարեկեցիկ կյանքով է ապրում, զինվորականների կողմից կառավարվող ագրարային երկրից այն վերածվել է դինամիկ զարգացող, զարգացած քաղաքացիական հասարակություն ունեցող պետության: Դրան հավելվում է այն, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները արգելակվում են: Ըստ Փամուկի, բանակցությունները հաջողությամբ սաբոտաժի են ենթարկում որոշ ուժեր թուրքական բանակում եւ ԶԼՄ-ները ազգայնական կուսակցությունների հետ միասին: «Նույն նախաձեռնության հետեւանքով հալածանքներ սկսվեցին իմ եւ այլ գրողների հանդեպ, կրակոցներ հնչեցին, տեղի ունեցան քրիստոնյա քահանաների սպանություններ»,-նշում է հեղինակը:

Ըստ Փամուկի, կա նաեւ զուտ զգացական արձագանք: 20-րդ դարում թուրքական վերնախավը որպես օրինակ էր ընդունում Ֆրանսիան: ,,Երբ Ֆրանսիան վերջին 5 տարում դարձավ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ամենահետեւողական հակառակորդը, դա հսկայական հիասթափություն առաջացրեցե,-գրում է նա: Սակայն ամենամեծ դժգոհությունը Թուրքիայում առաջացրեց այն, որ Եվրոպան հետեւեց Բուշին եւ թույլ տվեց ներքաշել իրեն Իրաքի դեմ պատերազմական գործողությունների մեջ: ԵՄ-ն վատ է հասկանում իր ներքին խնդիրները, գտնում է Փամուկը: «Ակնհայտ է, որ Եվրոպայի ժողովուրդները ավելի քիչ փորձ ունեն, ամերիկացիների համեմատ, այլ դավանանքի, ռասայի, մշակությի մարդկանց հետ գոյատեւելու առումով, եւ այդ գոյատեւումը չի ոգեշնչում նրանց»,-գրում է Փամուկը:

Դիտվել է 1868 անգամ:
Print Friendly

Leave a Reply