Ալիև. Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի քննարկվում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 25, 2010 17:43
«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը երբեք քննարկման առարկա չի դառնա»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպության Ստամբուլի գագաթնաժողովում, նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ չկարգավորված հակամարտությունը «շատ մեծ տարածաշրջանային սպառնալիքի օջախ է»:
«Չնայած միջազգային կազմակերպությունները, մասնավորապես` Միավորված ազգերի կազմակերպությունը և նրա Անվտանգության խորհուրդը 4 բանաձև են ընդունել` կապված հարցի լուծման հետ, այդ բանաձևերում նախատեսվում է անվերապահորեն դուրս բերել հայկական ուժերը գրավված տարածքներից, հայկական կողմը դեռևս չի պահպանում միջազգային իրավունքի այդ նորմերը և շարունակում է նվաճողական քաղաքականությունը: Իսլամական խորհրդաժողովը և այլ միջազգային կազմակերպություններ համանման որոշումներ են ընդունել»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
Նա նշել է նաև, որ միջազգային կազմակերպությունների բանաձևերը ամուր հիմք են «իրավական հարթությունում հարցի արդարացի լուծման համար»: «Սակայն իրականում մենք որևէ առաջխաղացում չենք տեսնում, և Ադրբեջանը երկար տարինեոր տառապում է այդ օկուպացիայից: Մենք, իհարկե, չենք հաշտվի այդ դրության հետ: Մենք կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը: Մենք ջանում ենք լուծել դա բանակցությունների ճանապարհով, խաղաղ ճանապարհով: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվում է բոլոր երկրների կողմից, դա երբեք քննարկման առարկա չի եղել և չէ»,- հայտարարել է Ալիևը:
Միաժամանակ նա ընդգծել է, որ չլուծված հակամարտությունները խոչընդոտ չեն դարձել երկրի տնտեսական զարգացման համար:






Facebook
Tweet This
Email This Post
