WikiLeaks-ը մի տարվա մեջ միլիոն եվրոյի հանգանակություն է արել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 25, 2010 17:37

WikiLeaks կայքը, որ մասնագիտացած է գաղտնի տեղեկատվության հրապարակման գործում, 2010 թ. մոտ մեկ միլիոն եվրո նվիրատվություն է ստացել: Նման տվյալներ է բովանդակում գերմանական Wau Holland հիմնադրամը, որը կառավարում է կայքի հաշիվները. Այս մասին հայտնում է CBS-ը` հղում անելով Wall Street Journal-ին:

Wau Holland-ի փաստաթղթերից պարզ է դառնում, որ  WikiLeaks-ի հաշվին եկող գումարները 2010 թ. երկրորդ կեսին խիստ պակասել են: Նվազման պատճառը դեռ ճշտվում է, ընդսմին հայտնի է, որ Visa, Master Card և PayPal վճարման համակարգը դադարել են ընդունել WikiLeaks-ի համար մուտքերը միայն դեկտեմբերի սկզբին:

Wau Holland-ի հաշվետվությունում նաև ասվում է, որ 2010 թ. WikiLeaks-ում ներդրվել է վարձատրության այնպիսի համակարգ, որը նման է «Գրինպիսում» կիրառվողին. առանցքային ուղղությունների ղեկավար աշխատակիցները ստանում են ամսական 5 հազարական եվրո: WikiLeaks-ի աշխատակիցների աշխատավարձի վրա 2010 թ. ծախսվել է 100 հազար եվրո, այդ գումարի 66 հազարը կազմել է կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի վարձատրությունը:

Մնացած ծախսերի համար հատկացվել է 380 հազար եվրո: Ծախսերի հիմնական հոդվածներն են` համակարգչային սարքավորումների ձեռքբերում, ինտերնետի և աշխատակիցների գործուղումների վճար: Նախկինում հաղորդվում էր, որ WikiLeaks-ի միջոցներից Ասանժի փաստաբաններին վճարելու համար կհատկացվի 50 հազար դոլար, բայց հետո հայտնեցին, որ խոսքը միայն 20 հազարի մասին է: Մինչդեռ Ասանժը հայտարարել է, որ բրիտանական փաստաբանների ծառաությունների վճարը հասել է 500 հազար ֆունտի:

WikiLeaks կայքը, որը մասնագիտացած է գաղտնի նյութերի հրապարակման մեջ, հիմնադրվել է 2006 թ. և համաշխարհային համբավ է ձեռք բերել 2010 թ., երբ մի քան ի ամսվա ընթացքում հրապարակեց փաստաթղթեր Աֆղանստանի օպերացիայի, «իրաքյան դոսյեի», ինչպես նաև ամերիկյան դիվանագետների գաղտնի նամակագրության մասին:

Դիտվել է 1366 անգամ:
Print Friendly

Leave a Reply