Ամանորյա նվերները կաշա՞ռք
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | Անի Գասպարյան | December 25, 2010 16:49
Մեծ Բրիտանիան արգելում է կորպորատիվ նվերները: Բրիտանական ընկերությունների աշխատակիցներն այս տարի, ամենայն հավանականությամբ, վերջին անգամ կվայելեն գործընկերների և հաճախորդների նվերները` Ծննդյան տոների կապակցությամբ: Բրիտանական The Telegraph-ի հաղորդմամբ` 2011թ. ապրիլի 1-ից կոռուպցիան սահմանափակող նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հանցագործություն կհամարվի ֆինանսական կամ ոչ ֆինանսական ցանկացած պարգևատրում, որը պաշտոնական իրավասության սահմաններից դուրս կգտնվի: Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարարությունը պաշտոնապես չի արգելում ընկերություններին նվերներ տալը, եթե դրանց արժեքը տեղավորվում է ներկայացուցչական ծախսերի «խելամիտ սահմաններում»:
Հատկանշական է, որ պաշտոնյաները հստակ չափանիշներ չեն սահմանել նվերների արժեքի նկատմամբ` թողնելով դա հենց ընկերությունների հայեցողությանը: Սակայն, ըստ էության, հենց պաշտոնյաներին էլ իրավունք է վերապահվել` ստուգելու, թե արդյոք այդ նվերները կաշառք չեն հանդիսանում:
Ըստ Pricewaterhouse Cooper՛s-ի բրիտանական բաժնի իրավաբանական ուսումնասիրությունների ղեկավար Էդվին Հառլանդի` նման պայմաններում բրիտանացի գործարարներն արդեն «երկու անգամ» կմտածեն Ծննդյան տոների նվերներն ընդունելիս: «Այս տարին վերջին տարին է նվերների համար»,- ասել է նա: Նրա խոսքով` ամանորյա նվերները չեն լինի իրավապահ մարմինների կողմից խախտումների որոնման առաջին առարկան, սակայն դրանց նվիրման պրակտիկան հաշվի կառնվի հակակոռուպցիոն ուսումնասիրությունների ընթացքում: Այդպիսով` Մեծ Բրիտանիայում ցանկացած նվեր` անգամ սպորտային միջոցառման տոմսը, կարող է գնահատվել որպես կաշառք:
Մինչդեռ Գերմանիայում, որտեղ ճգնաժամի ընթացքում ընկերությունները գործնականում զրոյականացրել էին կորպորատիվի հաշվին իրենց ծախսերը և անգամ դադարել էին նվերներ տալը, այս տարի Ծննդյան տոների բում են արձանագրել: Korn/Ferry International ընկերության` մոտ հազար ընկերությունների շրջանում անցկացրած հարցման արդյունքում պարզ է դարձել, որ խոշոր և միջին ընկերությունները զգալիորեն մեծացրել են կորպորատիվ երկույթների և իրենց աշխատակիցների նվերների ծախսերը: Օրինակ` կորպորատիվ միջոցառումների ծախսերն աճել են 10%-ով` 2009թ. համեմատ: Միաժամանակ` հարցված ընկերությունների 60%-ը որպես աշխատակիցների նվերների միջին գին նշել է $100-ը: Մյուս կողմից` աշխատակիցները գոհ են այսպիսի շռայլությունից: Ըստ հարցման արդյունքների` ընթացիկ տարում աշխատակիցների և ծառայողների ավելի մեծ հատված կայցելի կորպորատիվ միջոցառումների, քան անցյալ տարի:
«Կապիտալ» օրաթերթ






Facebook
Tweet This
Email This Post
